8681 դիտում
22:43 23-11-2017
Հայաստանը բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել. ՀՀ գյուղնախարարը՝ ֆրանսիական «ՄԱՆ» ընկերության պատվիրակությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Ման» ընկերության պատվիրակությանը` համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ընկերությունը շուրջ 150 տարվա պատմություն ունի եթերայուղերի արտադրության ոլորտում, և համագործակցում է դեղագործական և կոսմետիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործարար կապերի ամրապնդումն ու աշխուժացումը` գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով:
«Հայաստանը շատ բազմազան կլիմա ունի, որտեղ հնարավոր է գրեթե ամեն ինչ աճեցնել: Եթերատու բույսերի մշակությունը նոր սկիզբ առնող, նշմարվող ոլորտ է մեզանում, ունենք փոքր արտադրություններ, որոնք բարձր որակի արտադրանք են թողարկում»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
Ընկերության գիտական գծով փոխտնօրեն Սիրիլ Մահեյմը նշել է, որ Հայաստանն իրենց համար հետաքրքրիր երկիր է` շնորհիվ բնակլիմայական պայմանների և հարուստ կենսաբազմազանության, մասնավորապես տեղական էնդեմիկ եթերատու մշակաբույսերի ուսումնասիրության տեսանկյունից, օրինակ` ռեհանի, անանուխի, եղեսպակի և այլն:
Նրա խոսքով` այցն ունի ճանաչողական բնույթ, և այժմ իրենք հանդիպումներ են ունենում տարբեր ընկերությունների և կառույցների հետ, ինչպես նաև ուսումնասիրում են տարբեր տարածաշրջաններում առանձին մշակաբույսերի աճեցման նպատակահարմարությունը:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում փորձնական աճեցնել որոշ մշակաբույսեր, գնահատել դրանց արդյունավետությունը, կենսաքիմիական բաղադրությունը, որակական հատկանիշները և հաջողության դեպքում` ներկայացնել բիզնես-ծրագիր` համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով:
Նախարար Առաքելյանն ընդգծել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել և կողջունի միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական կազմակերպության մուտքը հայաստանյան շուկա:
Նմանատիպ նյութեր
3361 դիտում
23:32 19-02-2020
Աշխարհը չի կարողանում երեխաների համար առողջ կյանք և իրենց ապագայի համար բարենպաստ կլիմա ապահովել. ՅՈՒՆԻՍԵՖ
1575 դիտում
10:23 06-09-2014
Զիմբաբվեի լեգենդի հետաքննությունը. ովքե՞ր են Հայաստանին ծիրան աճեցնել սովորեցրել. տեսանյութ