211652_close_icon

Զիմբաբվեի լեգենդի հետաքննությունը. ովքե՞ր են Հայաստանին ծիրան աճեցնել սովորեցրել. տեսանյութ

views-count1665 դիտում article-date 10:23 06-09-2014
Վերահսկիչ պալատի նախագահն այս շաբաթ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում հայտարարեց, որ ծիրան, դեղձ ու ընկույզ մշակելու համար «Հայկական միրգ» ընկերությունը Հայաստան է հրավիրել Զիմբաբվեում գործող մի կազմակերպության ու վճարել գրեթե կես միլիոն դոլար: Ինչն առաջացրեց դահլիճում գտնվող պատգամավորների զարմանքն ու հիասթափությունը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել եւ ովքե՞ր են Զիմբաբվեից եկել Հայաստան, որ ծիրան աճեցնել սովորեցնեն: Իշխան Զաքարյանի հայտարարությունը թեմա դարձավ սոցիալական կայքերում ու ամենուր: Չէ որ ծիրանի երկիրը հենց Հայաստանն է, կես միլիոն դոլարով ի՞նչ պետք է սովորեցնեն հայերին: «Հայկական միրգ» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Այն ստեղծվել է 2011 թվականին կառավարության որոշմամբ: «Հայկական միրգ» ընկերության հիմնական նպատակն էր նվազեցնել գյուղական աղքատությունը եւ ավելացնել փոքրածավալ արտադրողների կարողությունները: Ընկերությունը կառավարում է տնօրենների խորհուրդը, որը ղեկավարում է Գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: «Հայկական միրգ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Հովեյանն այս պահին գտնվում է Իտալիայում: Նա գործուղման մեջ է իմացել Իշխան Զաքարյանի հայտարարության մասին ու զարմացել: Բայց Վերահսկիչ պալատի նախագահի հայտարարությունը վերաբերում էր այն շրջանին, երբ տնօրենի պաշտոնում էր Ալվինա Ավագյանը: Երկու ամիս առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատված Ալվինա Ավագյանը պնդում է, որ Իշխան Զաքարյանի հայտարարությունը ընդամենը շոու է: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից ընկերությունը գրանտ է շահել, բայց մեկ պայմանով. գումարը պետք է ծախսել խորհրդատվության վրա: Խորհրդատուն պետք է Հայաստանից չլինի: Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը հայտարարեց միջազգային մրցույթ, ընկերությունը նոր էր ու մրցույթ անցկացնել չվստահվեց: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ-ի մրցույթի հայտարարությունները մայր կայքում չեն պահպանվել, բայց կայքերն արխիվացնող համակարգում պահպանվում են: Մրցույթը շահել է ավստրալական «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ» ընկերությունը: Այն զբաղվում է կրթական ծրագրերով ու խորհրդատվությամբ: Գրանցված է Ավստրալիայում, բայց ավելի ակտիվ գործունեություն է ծավալում Զիմբաբվեում: Հենց Զիմբաբվեում աշխատող գյուղատնտեսական մարկետինգի փորձագետ, բրիտանացի Էնդրյու Միլզին ընկերությունը գործուղեց Հայաստան եւ նա, ըստ պայամանգրի, զբաղեցրեց ընկերության փոխտնօրենի հաստիքը: Ընկերության հիմնադիր տնօրենը Էդրյու Մակփերսոնն է, որն այս պահին փորձագետ Միլզի հետ Ավստրալիայի մասնաճյուղում է: Զիմբաբվեի մասնաճյուղը ղեկավարում է «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ»-ի տնօրեն Ջուդի Ուարդը, նա հիմնադիր տնօրենի կինն է: Արմնյուզի հետ հեռախոսազրույցում Ջուդի Ուարդը հաստատեց, որ Էնդրյու Միլզին իրենց ընկերության փորձագետն է: Բոլոր բանկային փոխանցումների քաղվածքները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից գումարը ստանալուց հետո, «Հայկական միրգ» ընկերությունը փողը փոխանցել է «Մաք-Փերսոն Քոնսալթինգ Գրուպ»-ի ավստրալական մասնաճյուղին, որից հետո գումարը փոխանցվել է Զիմբաբվեի մասնաճյուղին, որտեղից էլ վճարվել է փորձագետը: Այսինքն` փորձագետը չի վճարվել Հայաստանի բյուջեից: Նա Հայաստան է եկել ոչ թե ծիրան աճեցնել սովորեցնելու համար, ինչպես հայտարարել էր Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ-ում, այլ գյուղատնտեսությունը բիզնեսի վերածելու եւ գումար վաստակել սովորեցրելու համար: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33251]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր