Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհից զոհվել է 11, վիրավորվել 20 մարդ
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Բաթումիում հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցում նոյեմբերի 24-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ, որոնցից 10-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Իրանի: Հոսպիտալացվել է 21 մարդ: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42121957]BBC[/url]-ն:
Ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` Իսրայելի 1 քաղաքացի և Թուրքիայի 5 քաղաքացի:
«Նախնական բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 3 պացիենտ արդեն դուրս է գրվել բժշկական հաստատությունից, մնացածները գտնվում են Բաթումիի տարբեր կլինիկաներում: Վիրավորվածների թվում կա ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության 1 հրշեջ-փրկարար»,- ասվում է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:
[img]http://st0.shamshyan.com/editor/0646906001511625300152634.jpg[/img]
Գիշերը դեպքի վայր է ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նա խոստացել է, որ մեղավորները խիստ կպատժվեն: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել մահացածների ընտանիքներին, շուտափույթ առողջություն մաղթել տուժածներին ու հույս հայտնել, որ հետաքննությունը շուտով կպարզի հրդեհի պատճառները։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:
22 հարկանի «Լեոգրանդ» հյուրանոցը Բաթումիի ամենամեծ հյուրանոցներից մեկն է, որը բացվել է 2015 թվականին։