211652_close_icon
views-count4842 դիտում article-date 21:04 26-11-2017

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի առաջարկություններին

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգոխոսը և քննարկումմների հիմնական թեմաները։ Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։ «Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երևանյան գագաթաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Երևանյան Պակտը կարտացոլի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։ Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։ Երևանյան գագաթաժողովի և կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետների, գագաթաժողովի խորհրդանիշի, նշանաբանի և քննարկումների հիմնական թեմաների վերաբերյալ Հայաստանի առաջարկությունները միաձայն հավանության արժանացան Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից։

Նմանատիպ նյութեր