211652_close_icon
views-count9729 դիտում article-date 13:14 27-11-2017

Դասականի և ազգայինի համադրում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակում. ելույթ կունենա «Նաղաշ» համույթը

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։ «Նաղաշ» համույթի «Կարոտի երգերը» համադրում են հայկական ժողովրդական երգի հոգևոր աշխարհը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից պոստմինիմալիզմը և ռոքի ու ջազի էներգիան։ Երեք հիասքանչ կին վոկալիստներ և Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներ տարբեր նվագարաններով՝ դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր, Երիտասարդական նվագախմբի լարային բաժնի հետ համատեղ կներկայացնեն նոր երաժշտություն՝ հայ միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի տեքստերի հիման վրա։ Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի։ Դիրիժոր՝ Ջոն Հոդյան։ Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների և դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը: Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր