211652_close_icon
views-count21733 դիտում article-date 22:35 27-11-2017

Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին, Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին, Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին և հայոց բանակին, քանի որ բրիգադը բոլոր մարտական առաջադրանքները փայլուն կատարել է: 5-րդ բրիգադը կազմավորվեց 1992 թվականի նոյեմբերի 28-ին՝ դառնալով կամավորականների եւ զինծառայողների գործակցությամբ ստեղծված առաջին խոշոր միավորումը: Բրիգադի կազմում կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները: 5-րդ բրիգադը կատարեց իր առջև դրված խնդիրներն, անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով: Արցախյան պատերազմի դաժան տարիներին բրիգադը ամենամեծ բանակային կազմավորումն էր՝ Արցախի պաշտպանության բանակից հետո: Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադն անվանվեց Լեգենդար և Հաղթական: Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է Արցախի ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը: Ես հպարտ եմ, ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ, որ ծառայել եմ ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին` երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ` կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը: Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին: Լեգենդար բրիգադի փառապանծ մարտիկների համար իսկական փորձություն էր 2016-ի ապրիլյան պատերազմը։ Դարձյալ, առանց վարանելու, 5-րդցիները կանգնեցին առաջնագծում, դիրքապահ հայ զինվորի կողքին։ 5-րդ բրիգադի հետ ճանապարհ անցած հայորդին ցմահ էլ հայրենիքի զինվորն է և նույնիսկ մահվանից հետո էլ երկնքից է հսկում հայ ազգի անդորրը։ Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին` և՛ զոհվածներին, և՛ ողջերին՝ անուն առ անուն: Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին: Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Փա՛ռք նաև բոլոր նրանց, ովքեր հիշում ու մեծարում են նահատակ ընկերներին, շարունակում են նրանց գործը և փառավորում ապրողներին: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր