3405 դիտում
13:54 30-11-2017
Ղազախստանի գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով նոյեմբերի 25-ից 29-ը աշխատանքային այցով Երևանում էր Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Տոլեշ Կաուդիրովի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էր Ակադեմիայի դատաիրավական և նորարարական նախագծերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ժումաբեկ Բուսուրմանովը: Այցի նպատակը երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելն էր և հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի քննարկումը:
Այցի օրակարգը չափազանց հագեցած էր՝ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրում, պրոֆեսոր Տոլեշ Կաուդիրովի դասախոսությունը Ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրների համար, համագործակցության հեռանկարների և ձևաչափերի քննարկման նպատակով ռեկտորների առանձնազրույց, աշխատանքային հանդիպումների անցկացում Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, նաև քննարկումներ համատեղ միջոցառումների իրականացման, փոխադարձ այցերի կազմակերպման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:
Այցի շրջանակում նոյեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը: Ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, դատական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայում վերապատրաստում անցնող ունկնդիրներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Ռեկտորներ Սերգեյ Առաքելյանը և Տոլեշ Կաուդիրովը ստորագրեցին հուշագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել և ամրապնդել դատական համակարգի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում երկկողմ կապերը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նրանց՝ համագործակցող երկու կառույցների համար նշանակալի օրվան մասնակից դառնալու համար:
«Կարծում եմ՝ մեր կառույցների համագործակցությունը՝ գիտական համատեղ հետազոտություններ անցկացնելու, ուսումնական ծրագրեր կազմելու, փոխադարձ այցեր կազմակերպելու միջոցով բավական բարենպաստ պայմաններ կստեղծեն համապատասխան գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու առումով»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:
Իր հերթին Տոլեշ Կաուդիրովը երախտագիտություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին և ասաց, որ գոհունակությամբ է ընդունել հրավերը: Նրա խոսքով՝ Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիան երիտասարդ կառույց է և որպես առանձին հաստատություն՝ գործում է մեկ և կես տարի: Ավելին՝ Տոլեշ Կաուդիրովը Ակադեմիան ղեկավարում է 2017 թվականից և ռեկտորի պաշտոնում՝ առաջին արտասահմանյան այցն է:
«Ուրախ եմ, որ այդ այցը դեպի իրավական մեծ ավանդույթներ ունեցող երկիր Հայաստանն է: Մենք մեր բուհերում ուսումնասիրում ենք հայկական իրավունքի պատմությունը, մասնավորապես դեռևս ուսանողական տարիներից հիշում եմ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Ռեկտորը հույս հայտնեց, որ համաձայնագրի ստորագրումը նոր քայլ կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և երկու երկրների փորձը փոխադարձաբար օգտակար կլինի:
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Արդարադատության ակադեմիայի գործունեությանը, ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և հետագա համագործակցության ուղղությամբ քայլեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերեցին:
Նշենք նաև, որ Ղազախստանից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով փորձել բացահայտել բազմադարյա պատմություն ու մշակույթ ունեցող երկիրն ու ժողովուրդը:
[b]---
Արդարադատության ակադեմիայի
համագործակցության և հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
14:12 31-03-2021
Մոսկվայում ԲԴԽ պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ գերագույն դատարանին կից գործող Դատական դեպարտամենտում
Այս բաժնից
820 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
913 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին