211652_close_icon
views-count2631 դիտում article-date 12:43 01-12-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

Դեկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարևորվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ և ԵՄ միջև համագործակցության առավել ամրապնդման և խորացման համար: Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար Տոյվո Կլաարը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը և վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր