211652_close_icon
views-count905 դիտում article-date 18:04 03-06-2022

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։ 

Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։ 

Նմանատիպ նյութեր