211652_close_icon
views-count4413 դիտում article-date 22:02 04-12-2017

MY ARMENIA բջջային հավելվածը կօգնի բարձրացնել կենցաղային, համայնքային, բնապահպանական խնդիրներ և ստանալ դրանց լուծումները

Դեկտեմբերի 4-ին Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան ներկայացրեց MY ARMENIA բջջային հավելվածը։ Այն iOS և Android հարթակների համար ստեղծված լուծում է, որը Հայաստանի ողջ տարածքում համայնքային, բնապահպանական, կենցաղային, աղբավայրերի ու այլ հանրային խնդիրները բարձրաձայնելու միջոց է: Հավելվածը ստեղծվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նկատում է, որ իրենց հավելվածի միջոցով փորձել են ստանալ մի գործիք, որը կբարձրաձայնի ամենատարբեր բնույթի խնդիրներ։ Ուստի որոշեցին ստեղծել մի թափանցիկ գործիք, որը կծառայի ինչպես սպառողների համար, այնպես էլ կօգնի պետական օղակներին տեղեկանալ առկա խնդիրներին։ Հավելվածը հնարավորություն է տալիս նշել խնդիրը, ներբեռնել նկար։ Բացի այդ, կա ծանուցումներ բաժինը, որը կտեղեկացնի լուծված խնդիրների մասին։ Բջջային հավելվածը մեկ շաբաթ աշխատելու է թեստային ռեժիմով, որից հետո կանցնեն բուն գործընթացին։ Արման Անտոնյանը վստահություն հայտնեց, որ այն կիրառելի կլինի։ Բջջային հավելվածը ստեղծել է ծրագրավորող Դավիթ Մկրտչյանը։ Նա նշում է, որ հավելվածը ստեղծելիս ամեն ինչ արել են այն պարզ և հեշտ կիրառելի դարձնելու համար, որպեսզի ցանկացած մարդ կարողանա օգտվել։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատում է, որ շրջապատը մաքուր պահելու ձգտումը հասարակության բարոյական առողջության գրավականներից է: «Ինքնին այդ ձգտումը ժամանակից դուրս երևույթ է և պայմանավորված չէ հասարակության տեխնիկական զարգացման մակարդակով: Այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ նպատակի իրագործման միջոցները լինեն ժամանակին համընթաց: Այս առումով բջջային հավելվածի ստեղծման այս գաղափարը ողջունվեց, և վստահ ենք, որ այն իր ավանդը կունենա սեփական երկրի մաքրության պահպանման գործում»,- ասաց Գայանե Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշանորհայի ծրագրի «Մաքուր Հայաստան» անվանակարգի շրջանակում իրականացվել է 5 ծրագիր, ընդ որում, այդ ծրագրերից 4-ն իրականացրել են մարզային ՀԿ-ներ իրենց համայնքներում, իսկ մեկը՝ սույն ծրագիրը, Երևանում:

Նմանատիպ նյութեր