2017 թվականը հաջող էր հայկական շախմատի համար
Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները.
«2017 թվականը հաջող տարի էր հայկական շախմատի համար: Հայաստանում ինը միջազգային մրցաշար անցկացվեց, այդ թվում պատանեկան, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դրանց շարքում կարելի է նշել «Երևան օփենը», «Ծաղկաձոր օփենը», Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլը: Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին (2 մրցաշար) ընդհանուր առմամբ մասնակցեց 760 շախմատիստ: Իսկ «Սևանա լիճը» ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի մրցաշար էր:
Այս տարի մեր շախմատիստները պատվով դրսևորեցին իրենց միջազգային ասպարեզում: Նախ և առաջ, հարկ է նշել Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի փալյուն ելույթը: Նա շատերի կարծիքով տարվա լավագույն շախմատիստն է: Լևոնի ձեռքբերումների ցանկն ավելացավ «GRENKE Chess Classic»-ում (Գերմանիա), «Norway Chess»-ում (Նովեգիա), ինչպես նաև Թբիլիսիում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած հաղթանակներով: Նորվեգիայում կայացած մրցաշարը, որին մասնակցում էին միջին վարկանիշային 2797 միավոր ունեցող տասը ուժեղագույն գրոսմայստերներ, կարելի է առանց չափազանցության շախմատի պատմության ուժեղագույն մրցաշարը համարել: Իսկ Վրաստանի մայրաքաղաքում հաղթանակը Լևոն Արոնյանին հնարավորություն տվեց մասնակցելու հաջորդ տարի Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին:
Լևոն Արոնյանը միակ շախմատիստն է, որն Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող է: Արոնյանի ձեռքբերումներից պետք է նշել նաև Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված արագ և կայծակնային շախմատի մրցաշարում գրանցած հաղթանակը, ինչպես նաև այն, որ ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլում կիսեց 1-2-րդ տեղերը (երկրորդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):
Ուրախացրին նաև պատանիները: Սոնա Ասատրյանը դարձավ Եվրոպայի մինչև18 տարեկանների չեմպիոն, իսկ Մանուել Պետրոսյանը, կիսելով 1-3-րդ տեղերը, նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը ընդգրկված էր աշխարհի պատանեկան խորհրդանշական հավաքականում, որը հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի պատանիների հավաքականի հետ: Հայաստանցի շախմատիստը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև,առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող առաջատար պատանի շախմատիստներ՝ Ջեֆրի Սյունի և Սամվել Սևյանի նկատմամբ և մեծ ներդնում ունեցավ թիմի հաղթանակի գործում:
Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը հաջող հանդես եկան այս տարի Ջերմուկում կայացած պատանեկան Գրան Պրիի փուլում, զբաղեցնելով երկրորդ և երրորդ տեղերը: Արամ Հակոբյանը բրոնզե մեդալակիր դարձավ նաև «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում: Հայաստանի պատանեկան առաջնություններում,ընդհանուր առմամբ, հանդես եկավ 451 շախմատիստ:
Մեծահասակ շախմատիստների հաջողություններից կարելի է նշել վերջերս Լոնդոնում ավարտված Chess Classic FIDE OPEN մրցաշարը, որտեղ Գաբրիել Սարգսյանը, լրացուցիչ ցուցանիշներով գերազանցեց իր հայրենակից Հրանտ Մելքումյանին: Չէին զիջում նաև մեր վետերանները: Կարեն Մովսիսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը, իսկ Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում արծաթ նվաճեց:
Շախմատային տարին դեռ շարունակվում է: Այս օրերին Հնդկաստանում ընթանում է շախմատի պատանեկան (մինչև 16 տարեկան) Օլմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստները պայքարում են մրցանակային տեղերի համար: Դեկտեմբերի 14-ից 17-ը գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կատովիցեում (Լեհաստան) հանդես կգա արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հենց Զավենն է հանդիսանում կայծակնային շախմատի մրցաշարի առաջին համարը: Մրցաշրջան-2017-ը շախմատիստների համար կավարտվի Սաուդյան Արաբիայում, որտեղ դեկտեմբերի 25-ից 30-ը, Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստների մասնակցությամբ կանցկացվի կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունը՝ $ 2 մլն ռեկորդային մրցանակային ֆոնդով:
Մոռացված չէ նաև մասսայական շախմատը: Հերթական անգամ անցկացվեց շախմատի դպրոցականների Օլիմպիադա, որի առաջին և երկրորդ փուլերին մասնակցեց երկրի հանրակրթական դպրոցների մոտ 2000 աշակերտ: Երրորդ փուլը կկայանա 2018 թվականի մարտին, իսկ եզրափակիչը՝ մայիսին: Լավագույն թիմը կմասնակցի Սոչիում անցկացվելիք «Սպիտակ նավակ» դպրոցականների մրցաշարին: Այս տարի Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան Երևանի թիվ 55 դպրոցը նվաճեց արծաթե մեդալ:
Եվս մեկ փաստ այն մասին, որ հանրապետությունում շախմատային լավ սերունդ է մեծանում. այս տարի միանգամից չորս շախմատիստ (Վահե Բաղդասարյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան ևԱրման Միքայելյան) դարձավ գրոսմայստեր, ևս վեցը՝ միջազգային վարպետ: Սա Հայաստանի շախմատի պատմության ամենաբարձր ցուցանիշն է:
Կազմակերպվեցին նաև ՖԻԴԵ-ի մարզչական և միջազգային սեմինարներ: ՖԻԴԵ-ի առաջատար մարզիչներից Աշոտ Վարդապետյանն անձամբ մրցավարական սեմինարներ անցկացրեց: Հայաստանի ներկայացուցիչները նշանակված էին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում աշխատելու համար: Աշոտ Նադանյանն արժանացել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչմանը:
2018 թվականը ևս խոստանում է հագեցած լինել: Հայաստանում կրկին միջազգային մրցաշարեր կանցկացվեն:
Առջևում շախմատի Համաշխարհային օլիմպիադան է և կանանց ու տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունները: Սակայն, գլխավոր միջոցառումը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարն է (մարտի 10-28): Հայաստանի շախմատի ֆեդերացիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող հանդես գա Գերմանիայի մայրաքաղաքում և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագի համար մենամարտի երկար սպասված իրավունք նվաճի»: