211652_close_icon
views-count8417 դիտում article-date 16:59 14-12-2017

Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը. Է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերը: Անդրադառնալով հայ-լիտվական քաղաքական ու առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակություն են հայտնել առեւտրի ակտիվացման կապակցությամբ եւ ընդգծել այդ ոլորտում առկա մեծ ներուժը: Զրուցակիները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ: «Թուրքիան անօրինական շրջափակման մեջ է պահում Հայաստանը, ինչը դատապարտելի եւ անթույլատրելի է: Ավելին, Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը ոչ թե նպաստում է տարածաշրջանային կայունությանը, այլ, ընդհակառակը, խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ քաղաքականության իրականացման հարցում: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում: Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը»,-փաստել է պարոն Շարմազանովը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պատմական է»,-ընդգծել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Նմանատիպ նյութեր