211652_close_icon
views-count2364 դիտում article-date 21:33 15-12-2017

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Դեկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վարչապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, նրան մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միաժամանակ հայտնելով, որ ՀՀ դեսպանն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես կզգա վրացական իշխանությունների աջակցությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ընդգծեց հայ-վրացական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջև առկա է փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ: Այդ համատեքստում վարչապետը գոհունակությամբ նշեց վերջին ժամանակաշրջանում գրանցած առաջընթացը: Նա ընդգծեց, որ չի մտաբերում որևէ ժամանակաշրջան, երբ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այսաստիճան բարձր մակարդակի վրա լինեին: Վարչապետը նաև կարևորեց երկու երկրների ղեկավարությունների միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները, ինչը մեծապես նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ մտադիր է երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրել: Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան այցելություններն էլ ավելի կամրապնդեն երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունները: Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց վրացական իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար:

Նմանատիպ նյութեր