211652_close_icon
views-count6444 դիտում article-date 19:28 15-12-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյան բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու, իսկ հետագայում Ցեղասպանությունը ճանաչելու եւ ժխտումը դատապարտող բանաձեւեր ընդունելու համար: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաեւ անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ: Անդրադառնալով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կխթանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ սերտացնելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ անդրադարձել հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Անդրադառնալով այսօր աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններին՝ արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ բանակցային ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ: Տերենս-Նիկոլաոս Քուիքն անդրադարձել է նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը՝ ընդգծելով խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման եւ միջազգային հարթակներում փոխշահավետ գործակցության կարեւորությունը: Պարոն Քուիքն առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը: Հանդիպման ավարտին փոխնախարարը հաջողություններ է մաղթել ՀՀ ԱԺ նախագահին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր