211652_close_icon
views-count3749 դիտում article-date 21:10 15-12-2017

Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հանրային խորհրդում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Կրթութան և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ: Փոխնախարարը հիմնավորել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և ներկայացրել հիմնական նպատակները, որոնք են՝ բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման և կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը, համակարգի մրցունակությունը, նորարարությունների ներդրումը, բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում հասարակության և պետության դերակատարության կարգավորումը և այլն: Հանրային խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մանրամասն անդրադարձ է կատարվել ասպիրանտուրայում նախատեսվող բովանդակային փոփոխություններին, կրթական չափորոշիչներին, հեռավար ուսուցմանը, բուհերի կառավարման համակարգին, անցումային դրույթների հետ կապված հարցերին, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներին (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), որակավորումների պետական գրանցամատյան և այլն): Հանրային խորհրդի անդամները նաև մատնանշել են այն դրական փոփոխությունները, որոնք կարող են ապահովվել նոր օրենքի ընդունմամբ: Կրթության և գիտության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին արդյունավետ քննարկման և ներկայացված առաջարկների համար՝ քննարկումն առանձնացնելով իր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և խոստանալով հաշվի առնել ներկայացված առաջարկներն ու դիտողությունները: Վազգեն Մանուկյանն օրենքի նախագծի ուսումնասիրման նպատակով Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է ի մի բերել քննարկման ընթացքում հնչած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները և մշակել համապատասխան փաստաթուղթ՝ պատրաստվելով այն առաջիկայում քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր