211652_close_icon
views-count1190 դիտում article-date 22:02 01-10-2019

Չկա բուհական ինքնավարություն՝ առանց ակադեմիական ազատության. ԵՊՀ-ում քննարկվեց բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծը

ԵՊՀ 7-րդ մասնաշենքի ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Հովհաննիսյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախագահ Տաթև Սողոյանը, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Խաչիկ Աբաջյանը: Քննարկման նպատակն էր պարզել, թե ինչպիսի խնդիրների է անդրադառնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, ու կրթության և գիտության ոլորտում ինչպիսի փոփոխություններ կարելի է ակնկալել: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի խոսքով, նոր օրենքի նախագիծը, բացի քննադատություններից, արժանի է նաև դրվատանքի: «Ակնհայտ է, որ 2004 թվականից մինչ օրս կրթական համակարգում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, բավական է նշել Բոլոնյան գործընթացին միանալու մասին,- պարզաբանեց Սամվել Կարաբեկյանը,- ինչն էլ օրենքի նոր կարգավորումներն անհրաժեշտություն է դարձնում»։ Նախարարի խորհրդականի խոսքով, օրենքի նախորդ տարբերակը վերաբերում էր միայն բարձրագույն կրթության գիտական և գիտատեխնիկական գործունեությանը, բայց այն հետ կանչվեց և չհասավ Ազգային ժողով. «Այս նոր փուլում որոշում կայացվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» միասնական օրենք ունենալ՝ ելնելով հետազոտահեն կրթության անհրաժեշտությունից»: Սամվել Կարաբեկյանի փաստմամբ, դեռևս նախորդ տարվա վերջից աշխատանքներ էին ընթանում նոր օրենքի ստեղծման ուղղությամբ, և հանրային քննարկման առարկա դարձած օրենքի այս նախագիծը դեռևս աշխատանքային տարբերակ է. «Օրենքը դեռևս շարունակվելու է լրամշակվել՝ մինչև աշխատանքային տարբերակից օրենքի նախագիծ դառնալը, ուստի մեզ համար շատ կարևոր են ստացված արձագանքները»: Ըստ Սամվել Կարաբեկյանի՝ օրենքի նախագծում ներառված են բազմաթիվ դրույթներ, որոնք կարող են ապահովել բարձրագույն կրթության և գիտության համակարգի հետագա զարգացումը: ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի խոսքով, օրենքի նախագծով փորձ է արվել սահմանել այն իրավական դրույթները, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ձևավորելու կրթական գործընթացում տվյալ ուսանողի անհատական հետագիծը, ինչով էլ այն էականորեն տարբերվում է գործող օրենքից: «Ուսանողները հնարավորություն կունենան ընտրելու թե՛ դասախոսին, թե՛ իրենց կրթական մոդուլները, որոնք կսահմանվեն բուհի կողմից,- փաստեց Ռոբերտ Սուքիասյանը,- այսպիսով ուսանողներն իրենք կձևավորեն իրենց երկու կամ չորս տարիների ուսումնական օրակարգը»: Հաջորդ ամենակարևոր փոփոխությունը, ըստ Ռ. Սուքիասյանի, վերաբերում է բարձրագույն կրթության ֆինանսավորմանը։ «Բարձրագույն կրթության ֆինանսավորումն այս պահին տեղի է ունենում մեկ խողովակով,- նշեց նա,- մենք փորձել ենք ունենալ միայն բուհի ֆինանսավորում, որն ուղղված կլինի բուհի որակի ապահովման գործընթացներին, ինչը նոր մոտեցում է»: Ռոբերտ Սուքիասյանի խոսքով, կլինի նաև ուսանողների ուսման վարձի փոխհատուցում, կրթաթոշակները կբաժանվեն մի քանի խմբերի: «Թեպետ օրենքն այդ խմբերը չի հստակեցնում, բայց բաժանումը հիմնվելու է կարիքի և առաջադիմության վրա, հաշվի է առնվելու նաև դրանց զուգակցումը»,- պարզաբանեց Ռոբերտ Սուքիասյանը: Օրենքի առաքելությունը, ըստ նրա, այն է, որ փորձ է արվել ստանալու հավասարակշռված կառավարման համակարգ, ինչի արդյունքում բարձրագույն կրթության համակարգն ամբողջությամբ և բարձրագույն ուսումնական համակարգն առանձին վերցրած կկարողանան ցուցաբերել արդյունավետ աշխատանք: «Ակադեմիական կամ գիտական խորհուրդ, կառավարման խորհուրդ, ռեկտոր, լիազոր մարմին, կառավարություն, ահա այս փոխհարաբերություններում է կիրառվելու հավասարակշռված կառավարման համակարգը՝ հստակ սահմանելով յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները»,- խոսքը եզրափակեց Ռոբերտ Սուքիասյանը: Օրենքի իրավակարգավորման մասին իր նկատառությունները հայտնեց նաև ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հավասարակշռության մասին խոսելիս պետք է հաշվի առնել կառավարման բոլոր մարմինների իրավասությունները և միմյանց հետ ունեցած փոխհարաբերությունները: «Եթե հարց եք բարձրացնում այն մասին, թե կառավարման խորհրդում արդյո՞ք հավասարակշռությունը պահպանված է, թե ոչ, ապա հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ կարող եմ ասել, որ բուհական ինքնավարության ապահովման տարբեր տեսանկյուններում ես որևէ փոփոխություն չեմ տեսնում»: Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ կարևոր է հասկանալ, թե ում մասնակցությամբ կամ գերակշիռ մասնակցությամբ է ձևավորվում կառավարման խորհուրդը՝ փաստելով, որ եթե այն պետության գերիշխանությամբ է ձևավորվելու, ուրեմն ունենալու ենք պետական վերահսկողություն, եթե ոչ, ապա ունենալու ենք ինքնուրույնության ավելի բարձր մակարդակ, քան հիմա է: «Օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները ես համարում եմ մեխանիկական, մինչդեռ դրանք պետք է լինեն ենթակառուցվածքային փոփոխություններ,- փաստեց Վահե Հովհաննիսյանը,- և օրենքն էլ պետք հստակ սահմանի, թե մենք որ ճանապարհով ենք գնում՝ ակադեմիական ինքնավարության, թե պետական վերահսկողության»: Օրենքի նախագծին վերաբերող բազմաթիվ դիտարկումներ ուներ նաև ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը: «2018 թվականի փետրվարին, երբ օրենքի նախագիծը պետք է շրջանառության մեջ մտներ, բուհերում բավականին շատ էին կազմակերպվում քննարկումներ, հրավիրվում էին նիստեր և անդրադառնում օրենքին՝ գլուխ առ գլուխ»,- նշեց Մենուա Սողոմոնյանը՝ հույս հայտնելով որ նոր օրենքի նախագծի քննարկման աշխատանքներն ավելի ինտենսիվ և արդյունավետ կլինեն: Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ օրենքի նախագծի դրվատանքի արժանի կետերից է գիտահետազոտահեն կրթության աջակցումը, միայն թե այն չի հստակեցնում վերջինիս գործառույթները: Երկրորդ դրական փոփոխությունը, որին անդրադարձավ Մենուա Սողոմոնյանը, հաշվետվողականության մեխանիզմներն են, որոնք շատ ավելի հստակ են ու տեսանելի, քան նախորդ նախագծում էր՝ մասնավորապես ֆինանսական հաշվետվությունները, բյուջեի կատարողական արդյունքների հրապարակումը, ռազմավարական և ակադեմիական ծրագրերի պահանջները և այլն: «Հաջորդ կարևոր կետը վերաբերում է հեռակա ուսուցման գաղափարի վերացմանը՝ այն փոխարինելով լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ ուսուցման գաղափարով, ինչին ես՝ նաև որպես դասախոս, միանշանակ կողմ եմ»,- փաստեց Մենուա Սողոմոնյանը։ Խոսելով կատարողականի հիման վրա արված ֆինանսավորման մեխանիզմների մասին՝ Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ բուհերը դեռևս պատրաստ չեն ֆինանսավորման այդ տեսակին: Շարունակելով ֆինանսավորման թեման՝ բանախոսն անդրադարձավ նաև օրենքի այն դրույթին, որը սահմանում է, որ ամեն տարի բյուջեի աճին զուգահեռ ավելանալու է նաև գիտահետազոտական գործունեությանը տրամադրվող ֆինանսավորումը, ինչը շատ ողջունելի է: Խոսելով ամբիոնի վարիչների ընտրության կարգի մասին՝ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ գովելի է օրենքի այն դրույթը, որը սահմանում է, որ անհատը երկու անգամից ավելի չի կարող ամբիոնի վարիչ ընտրվել, ինչը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական գործունեությունը շարունակելու և կարիերայի առաջընթաց ունենալու ցանկության առաջացմանը: Անդրադառնալով ինքնավարությանը վերաբերող հասկացություններին՝ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ կազմակերպական ինքնավարությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան նշված է օրենքում. «Կազմակերպական ինքնավարության մեջ պետք է մտնի կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմիններ կազմավորելու իրավասությունը, որը կլինի կազմակերպական ինքնավարության կարևոր ցուցիչ»: Խոսելով Ակադեմիական խորհրդի մասին՝ Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ Ակադեմիական խորհրդից ռեկտորին օտարելը ճիշտ չէ, քանի որ ռեկտորը փաստացի ընտրվում է կառավարման և ոչ թե գիտական խորհրդի կողմից՝ ձևավորելով վերջինիս օրակարգը, ուստի Ակադեմիական խորհրդի կողմից նույն այդ օրակարգը չընդունելը կարող է անհարկի լարվածություն առաջացնել: ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով օրենքի իրավատեխնիկական կողմին, նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ օրենքը նաև գիտության մասին է, բայց գիտություն հասկացությունը բացակայում է, և իրենք չեն կարող պատկերացում կազմել, թե, ըստ նոր օրենքի, գիտությունը ինչպես է կարգավորվում՝ գիտահետազոտական գործունեությունն ինքնին գիտություն է, թե ոչ: Բացի դրանից, ըստ բանախոսի, մի փոքր անհասկանալի են նաև դոկտորի գիտական աստիճանի մասին օրենքի սահմանած կարգավորումները: ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանն էլ նշեց, որ արդեն սովորություն են դարձել գրեթե կես տարին մեկ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծ շրջանառության մեջ դնելը և այդպես էլ ոչ մի առաջարկի հետ հաշվի չնստելը: «Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքով պետք է փորձել չորացնել կրթության ոլորտի ճահիճը,- ասաց Արթուր Վաղարշյանը,- ես այդ նախադրյալներն օրենքի նախագծում չեմ տեսնում»: Ըստ նրա՝ օրենքի նախագիծը չի սահմանում պետական և ոչ պետական բուհերի կարգավիճակը, և այդ հարցը դեռևս հետխորհրդային տարիներից չլուծված է մնում: «Վստահ եմ, որ բուհական կառավարման համակարգին նվիրված բազմաթիվ սեմինարների եք մասնակցել, երբևէ տեսե՞լ եք առևտրային բուհ ամբողջ աշխարհում»,- հարցրեց նա՝ նշելով, որ նույնիսկ անգլոսաքսոնական համակարգում բուհերը ոչ առևտրային կարգավիճակ ունեցող իրավական անձեր են: Քննարկման մասնակիցներից ԵՊՀ դոցենտ Աշոտ Ոսկանյանն էլ տարակուսանք հայտնեց, թե ո՞րն էր այն գերխնդիրը, որն օրենքի նոր նախագծի հեղինակները ցանկանում են լուծել: «Ինձ համար անհասկանալի է այն հիմնական փոփոխությունը, որին ուզում են հասնել օրենքի նախագծի հեղինակները, բացի դրանից՝ կառավարման այն ուղղահայաց համակարգը, որը սահմանում է օրենքի նախագիծը՝ նախարարը նշանակում է ռեկտորին, ռեկտորը՝ ամբիոնի վարիչներին, կարծես ասում է, որ մենք գիտենք՝ դուք ոչինչ չեք կարող որոշել, ուստի մենք ենք վերցնում կառավարման ղեկը»,- տարակուսանք հայտնեց Աշոտ Ոսկանյանը։ Հանդիպման ընթացքում ծավալվեցին բուռն քննարկումներ, իսկ վերջում ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն ավելացրեց, որ այնուամենայնիվ չկա բուհական ինքնավարություն՝ առանց ակադեմիական ազատության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր