6328 դիտում
17:59 08-01-2018
Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է
Անցած տարին հայկական հեծանվասպորտի համար միանշանակ հաջողված կարելի է համարել: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հանրապետական օլիմպիական հերթափոխի մանկապատենական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը.
«Նախ և առաջ շատ ուրախ ենք հեծանվորդ Էդգար Ստեփանյանի՝ տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվելու կապակցությամբ: Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման բան առաջին անգամ եղավ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը ևս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների և մրցանակակիրների հետ պայքարում:
Այս հաջողության հետևում նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ մեր ամբողջ ֆեդերացիայի հսկայական աշխատանքն է: Հեծանվասպորտում շատ դժվար է հասնել նման հաջողության, իսկ մենք դա արեցինք այնպիսի մրցակիցների հետ պայքարում, որոնց բյուջեն հարյուրապատիկ ավելի է մերից: Ի դեպ, պետբյուջեից հատկացվող մեր ֆինանսավորումն այս տարվանից կավելանա, ինչի համար շնորհակալ ենք: Հաճելի է, երբ աշխատանքդ արժանիորեն գնահատում են:
Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք: Մենք մասնակցում ենք 1996 թվականից, բայց միշտ «սպիտակ քարտով»: Այժմ Էդգարը հնարավորություն ունի սեփական ուժերով Տոկիոյի խաղերին մասնակցելու իրավունք վաստակել: Դա մեր գլխավոր նպատակն է և մեր ամբողջ ուժերն ու հնարավորությունները կուղորդենք դրան հասնելու համար:
Ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հերթափոխի պատրաստմանը: Լավ սերունդ է մեծանում, որն ապագայում կարող է փոխարինել առաջատարին: Կնշեմ Ռոբերտ Խաչատրյանին, Տիրան Մարտիրոսյանին, Լևոն Լավչյանին, Ամու Ասուբովին: Նրանք դեռ պատանիների տարիքային խմբում են հանդես գալիս, լավ արդյունքներ են ցուցադրում և կարող են առաջընթաց ունենալ:
Ինչ վերաբերում է 2011 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Մհեր Մկրտչյանին, ինչպես գիտեք, նա Ֆրանսիայում է, որտեղ էլ հանդես է գալիս տեղի ակումբում: 2017 թվականին նա անհաջող ընկավ հեծանիվից և վնասվածք ստացավ: Դրանից հետո նրան դեռ չի հաջողվել լավ մարզավիճակ ձեռք բերել: Այդ պատճառով մենք շեշտն Էդգարի վրա ենք դրել: Սակայն Մհերը լավ մարզիկ է, որը կարող է կրկին բարձր արդյունքներ ցույց տալ:
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Հոլանդիայի Ապելդորն քաղաքում կկայանա հեծանպահրապարակի աշխարհի առաջնությունը: Էդգարը Հայաստանը կներկայացնի սկրեչ մրցաձևում, իմիջիայլոց այս մրցաձևում նա 16-րդն է Հեծանվորդների միջազգային միության (UCI) վարկանիշային աղյուսակում: Աշխարհի առաջնությունից հետո բոլոր արդյունքները կզրոյանան, և կսկսի պայքարն օլիմպիական ուղեգրերի համար:
Ապագայում վարկանիշային միավորներ հնարավոր կլինի հավաքել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի փուլերում, Հեծանվորդների միջազգային միության (UCI) հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերում: ՀՀՖ-ն նախագահի գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ է ծավալում հավելյալ ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ, որպեսզի Ստեփանյանն ավելի շատ միջազգային մրցաշարերում կարողանա հանդես գալ:
Չմոռանանք նաև պատանիներին, որոնց այս տարի սպասվում են հեծանվահրապարակի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները: Հանրապետության առաջնությունում մենք հատուկ սանդղակ կսահմանենք, որին հասնելով մարզիկները կկարողանան ներկայացնել Հայաստանը կարևոր միջազգային մեկնարկներում»,- եզրափակեց Մարտին Շարբաթյանը:
Նմանատիպ նյութեր
4468 դիտում
21:31 20-02-2017
Հարություն Մերդինյան. Կցանկանայի մասնակցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին
1823 դիտում
20:50 26-07-2019
Ներկայացվել են Տոկիո-2020-ի օլիմպիական մեդալները
4531 դիտում
16:31 16-04-2020
Ճապոնիայում կոչ են անում կորոնավիրուսի ընթացքում Տոկիո 2020-ի օլիմպիական գյուղը դարձնել անօթևանների ապաստան
Այս բաժնից
2185 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2839 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2365 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում