211652_close_icon
views-count3431 դիտում article-date 13:09 09-01-2018

Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ Պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։ Հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր: Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել է անհապաղ բժշկական հետազոտության ենթարկելու հարց: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանման՝ այդ նպատակով արդեն իսկ կազմակերպվել է բժշկի այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողական կլինի այս հարցում: Քննարկման ընթացակարգեր են նախաձեռնված նաև Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի, ինչպես նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հետ կապված հարցերով: Առաջին այցի ժամանակ անհապաղ քայլեր են ձեռնարկվել Արմեն Բիլյանի խցի խոնավության վերացման ուղղությամբ։ Բացի այդ, ուղարկված են համապատասխան գրություններ ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացվել են նաև Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ:

Նմանատիպ նյութեր