211652_close_icon
views-count5573 դիտում article-date 11:37 19-01-2018

Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ [url=http://www.osce.org/minsk-group/367121]հայտարարություն[/url] են տարածել Արցախի հակամարտության կարգավորման հարցով Կրակովում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ: Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը: Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումն իրականացնելու հարցով համանախագահների վերանայված հայեցակարգային փաստաթղթին՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու մտադրությամբ: «Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել այժմ բանակցային սեղանին առկա աշխատանքային առաջարկներում հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին, համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը»,- ասված է հայտարարությունում: Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ երեկ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր