211652_close_icon
views-count1756 դիտում article-date 20:10 23-01-2018

Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին

Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-լիբանանյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվեց մեծ սփյուռք ունեցող երկրների փորձի փոխանակումը: Քննարկվեցին սփյուռքում ազգային ինքնության արթնացմանը, ներուժի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները և ծրագրերը: Նախարարը ներկայացրեց գերատեսչության պետական քաղաքականությունը, գերակա խնդիրներն ու անելիքները: Լիբանանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է: «Լիբանանում հայկական մեծ, կազմակերպված համայնք կա, որի ներկայությունը շատ կարևոր է երկրի կայունության պահպանման համար: Հայերը շատ մեծ ներդրում ունեն երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթի և կրթության բնագավառներում», - հավելեց դեսպան Մայա Դաղերը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար շատ կարևոր հոբելյանական տարի է. նշվելու են Երևանի 2800, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակները, միջոցառումներ, ցուցահանդեսներ կկազմակերպվեն նաև Լիբանանում, կցուցադրվեն Լիբանանի հայ համայնքի կողմից տպագրված 150-ից ավելի գրքերը: Անդրադարձ կատարվեց Հայաստան-Լիբանան բարեկամության օրերի անցկացմանը: «Բարեկամությունը ավելի է ամրապնդվում, երբ բարեկամները մոտիկից են ծանոթանում, ճանաչելի են դառնում., -շեշտեց նախարարը և կարևորելով ՄԱԿ-ի կողմից Սփյուռք եզրույթի վերաբերյալ կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը՝ ընդգծեց. «Երկիր մոլորակի յուրաքանչյուր 35-րդ բնակիչը միգրանտ է, կարծում եմ՝ պետք է սահմանել նրանց իրավունքները և պարտականությունները: Դա կարևոր համամարդկային խնդիր է»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր