12682 դիտում
14:15 27-01-2018
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած պարտադիր ժամկետային զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով:
Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել թվով քսաներկու այդ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Զինծառայողները Արարատյան թեմի կողմից պարգևատրվել են Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչ-զարդապատկերներով:
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ
Սրբազա՛ն հայր,
Սիրելի՛ զինվորներ,
Հարգելի՛ ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ: Բարի ավանդույթի համաձայն՝ այս անգամ ևս հավաքվել ենք առաջնորդարանի կամարների ներքո, որպեսզի մեր աղոթքը հղենք առ Աստված՝ աղաչելով, որպեսզի նա պահի, պահպանի հայոց բանակը, հայ զինվորին ու սպաներին, որպեսզի միշտ խաղաղությամբ պահի մեր սուրբ նահատակների հոգիները: Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս լինել՝ նշանակում է լինել ընտանիք կազմելու օժանդակող: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ: Սուրբ Սարգիսը անձնուրաց զորավար էր, և բազում սերունդներ դաստիարակվել ու պահել են մեր հայրենիքը նրա օգնությամբ, նրա օժանդակությամբ, և նա միշտ օգնության է հասել շատ-շատերին իրենց դժվարությունների ժամանակ:
Սիրելի՛ զինվորներ,
Ուզում եմ, որ դուք մշտապես գիտակցեք, որ մեր ժողովրդի հավերժության ճանապարհի ահա՛ այս հատվածում ձեզ է բախտ վիճակվել պաշտպանելու մեր սահմանները: Իրոք, դա բախտավորություն է, մեծ պատիվ է: Եվ ես շնորհակալ եմ ձեզ, ի դեմս ձեզ՝ հազարավոր հայ զինվորների, ովքեր պատվով են կատարում իրենց պարտքը: Իհարկե, ես ծանոթացել եմ ձեր անձնական գործերին, գիտեմ, որ գերազանց ծառայողներ եք, ունեք պատվոգրեր, ունեք խրախուսանքներ, տեսնում եմ քաջարի մարտիկի ձեր կրծքանշանները: Ձեզ ուզում եմ բարի ծառայություն մաղթել: Ուզում եմ, որպեսզի և՛ դուք, և՛ հազարավոր հայ զինվորներ վերադառնան տուն, ընտանիք կազմեն, որովհետև, իրոք, դուք արժանի եք և՛ լավ կյանքի, և՛ հարգանքի:
Տեսնում եք, որ գնալով մեր պետությունը ոչ միայն կարիքն ունի ձեր ծառայության, այլ նաև կանգնում է ձեր կողքին: Ձեզնից յուրաքանչյուրը ծառայությունից հետո հնարավորություն է ունենալու կրթություն ստանալու, մասնագիտություն սովորելու, և այս ամբողջ ճանապարհին պետությունը, պաշտպանության նախարարությունը ձեր կողքին է լինելու: Դուք եք, որ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ, քսան տարի հետո հայ զինվորին, հայ երիտասարդին պետք է ասեք, որ նրանց պարտականությունն է հայրենիք պաշտպանելը, մեր բոլորիս պարտականությունն է նրանց կողքին կանգնելը: Սա է իմ պատգամը ձեզ:
Սիրելի՛ ծնողներ,
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ այսպիսի զավակներ դաստիարակելու համար: Շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի դժվարություններով դուք պահել, պահպանել, մեծացրել եք այս տղաներին, հազարավոր տղաների և մի կողմից հպարտությամբ, մյուս կողմից սրտի թրթիռով եք ուղարկել հայկական բանակ: Հայ կնոջ, հայ մոր պատմական առաքելությունն է սա եղել, հակառակ պարագայում՝ մենք կմնայինք պատմության ճանապարհներին, այնպես ինչպես մնացել են բազում ժողովուրդներ: Եվ թող ձեզ մեր հասարակության երախտագիտությունը միշտ ուղեկցի: Ձեզ խնդրում եմ մի լսեք տարբեր ասեկոսեներ: Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակներն ունենան համապատասխան միջոցներ հայրենիքը պաշտպանելու, պաշտպանելու մեր սահմանները, պաշտպանելու մեր ընտանիքները, պաշտպանելու մեր պատիվը: Եվ համոզված եղեք գալու է ժամանակ, երբ դարձյալ կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, բայց իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Այն ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ հնարավորություն է տալու մեզ երջանիկ զգալ: Եվ ինչպես միշտ, սիրելի՛ զինվորներ, դուք կստանաք տասնօրյա արձակուրդ, որպեսզի շփվեք ձեր ծնողների, ձեր հարազատների, ինչո՞ւ չէ՝ ձեր սիրած աղջիկների հետ: Նոր ուժ, եռանդ կուտակեք, որպեսզի է՛լ ավելի լավ կարողանաք կատարել ձեր պարտականությունները:
Ձեզ բարի ծառայություն եմ մաղթում: Միշտ հիշեք՝ ամենալավ զինվորը այն զինվորն է, ով ամբողջովին կատարում է իր պարտականություններն ու վերադառնում է քաղաքացիական կյանք:
Շնորհակալ եմ բոլորիդ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
Նմանատիպ նյութեր
4460 դիտում
15:54 23-01-2016
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8653 դիտում
15:25 11-02-2017
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1703 դիտում
19:38 15-02-2014
Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված տոնախմբությանը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»