Դեսպան Այվազյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հոնդուրասի Արտաքին հարաբերությունների և միջազգային համագործակցության քարտուղարին
Հունվարի 26-ին Հոնդուրասի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը (նստավայրը՝ Մեխիկո) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հոնդուրասի Հանրապետության Արտաքին հարաբերությունների և միջազգային համագործակցության քարտուղար Մարիա Դոլորես Ագուեռո Լառային։
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Հոնդուրասի միջև երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։ Մարիա Դոլորես Ագուեռո Լառան նշեց, որ ուրախ է ընդունել իր երկրում Հայաստանի առաջին դեսպանին՝ խոստանալով ամենայն աջակցություն Հայաստանի դիվանագիտական առաքելության աշխատանքին և երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը։
Դեսպան Այվազյանը նշեց, որ Հոնդուրաս է ժամանել այդ երկրի հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու դրական օրակարգով և հանձնառությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կգրանցվեն դրական արդյունքներ։
Հունվարի 27-ին դեսպան Այվազյանը մասնակցեց Հոնդուրասի վերընտրված նախագահ Խուան Օռլանդո Էրնանդես Ալվարադոյի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը։