211652_close_icon
views-count2590 դիտում article-date 11:55 09-02-2018

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրինագիծը. այն կգլխավորի վարչապետը

Հայաստանի խորհրդարանը այսօր՝ փետրվարի 8-ին, 89 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այս օրենքն ընդունելով մենք գնում ենք սուպերվարչապետության, Անվտանգության խորհրդից դուրս ենք թողնում ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ինչն անթույլատրելի է: Նա տեղեկացրեց, որ «Ելք»-ը դեմ է քվեարկելու օրինագծին: Նույն խմբակցությունից Արամ Սարգսյանն էլ նշեց. «ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը երկրի դեմքերն են, նույն կարգի ճանաչում ունեն, ինչպես դրոշն ու զինանշանը և պետք չի այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից: Անվտանգության խորհուրդը ֆորսմաժորային իրավիճակների համար է և այն ընկալումը, որ կա օրենքը բերողների մոտ, իրենք չեն մասնակցել Անվտանգության խորհրդի որևէ նիստի, հետևաբար, չեն պատկերացնում, թե դա ինչի համար է»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի նախագծին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս արտահայտվեց՝ նշելով. «Խնդրում եմ Սահմանադրությամբ մեզ տրված կարգավիճակը չիջեցնել, մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ, մաս կազմել այդ գործունեությանը, որը պետք է վերահսկենք»:

Նմանատիպ նյութեր