211652_close_icon
views-count2642 դիտում article-date 15:36 20-02-2018

Փորձի փոխանակում՝ ուղղված կենդանիների համարակալման համակարգի ներդրմանը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության տարածաշրջանային կազմակերպության (FAO) միջազգային փորձագետ Կուտիմ Մերսինիին, Վրաստանի փորձագետներ Ռեվազ Սենաձեին և Ալեքսանդր Կաշաիշվիլիին: Հանդիպմանը ներկա էին պատասխանատու պաշտոնյաներ գյուղատնտեսության նախարարությունից և Ծառայությունից: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանն ուղղված տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում Վրաստանում որոշակի միջոցառումներ են արվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային այլ կառույցների աջակցությամբ, Հայաստանում նույնպես ծրագիրն արդեն մշակվել է: Այս համատեքստում հայ և վրացի գործընկերները տեղեկատվություն են փոխանակել երկու երկրներում կենդանիների համարակալման նպատակով իրականացվող ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Նաև փաստել են, որ փորձի փոխանակումն այս ոլորտում կարևոր նախադրյալ կլինի կենդանիների համարակալման ներդաշնակ և կենսունակ համակարգեր ունենալու հարցում՝ հատկապես միմյանց սահմանակից երկրներում գյուղատնտեսական կենդանիների հնարավոր տեղաշարժի պարագայում: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մեկնարկած այն բոլոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կբերեն անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխությունների՝ անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, մսամթերքի դասակարգում և ռեյթինգավորում, սպանդանոցային ծագման մթերքն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ներդրում: Նա ընդգծել է, որ կենդանիների համարակալումը առանցքային ուղղություն է այս փոփոխությունների շղթայում և զգալի դրական ազդեցություն կունենա սննդամթերքի անվտանգության տեսանկյունից՝ ապահովելով կենդական ծագման մթերքի հետագծելիությունն ու վերահսկելիությունը: Փորձագետները ՍԱՊԾ մասնագետների հետ աշխատանքային կարգով քննարկել են համարակալման գործընթացի փուլերը և մեխանիզմները: Հայաստանում ծրագրի տևողությունը գնահատվել է երեք տարի, նախապատրաստական որոշ փուլեր արդեն ավարտվել են, ներկայումս գյուղատնտեսության նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ բանակցություններ են տարվում ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ: Գործընկերները քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ համարակալման ծրագիրը տարածաշրջանային մակարդակով հաջողությամբ իրականացնելու նպատակով: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր