211652_close_icon
views-count2376 դիտում article-date 19:12 23-02-2018

Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 23-ին, ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց աջակցելով կազմակերպության նախագահությունը ստանձնելու հարցում: Նախագահը հույս է հայտնել, որ Մադագասկարը, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ, ամենաբարձր մակարդակով կմասնակցի ս.թ. հոկտեմբերի 11-12-ը Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին, որի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նաև գործարար համաժողով՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներգրավվածությամբ։ Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ գործարար համաժողովը կարող է լավ հնարավորություն ընձեռել զարգացնելու Հայաստանի և Մադագասկարի տնտեսական հարաբերությունները։ Նշելով, որ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցություն զարգացնելու համար՝ Նախագահ Սարգսյանն արտգործնախարար Անրի Ռաբարի Նջակայի, ինչպես նաև ս.թ. մայիսին նախատեսված՝ Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ է համարել փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարը քննարկելու համար: Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր երկրի նախագահի առաջիկա պետական այցը Հայաստան նոր թափ և գործնական բնույթ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին հատկապես տնտեսական ոլորտում, որտեղ փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ճյուղերում: Նախարարը տեղեկացրել է, որ այդ նպատակով նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Մադագասկարի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատգամավորներ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի օրենսդիր մարմնի հետ սերտ միջխորհրդարանական կապեր ձևավորելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր