211652_close_icon
views-count7549 դիտում article-date 22:35 23-02-2018

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը

ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ` ս. թ. մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 5-րդ հանրապետական մրցույթը, որը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողները: Մրցույթի ավագ խմբի /14-18 տարեկան/ մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից պետք է ներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին։ Ի դեպ, լավագույն երգը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում /մինչև 13 տարեկան/ նախորդ տարիների համեմատ կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկին պարտադիր պայման դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։ Կոմպոզիտորական ստուգատեսի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, խրախուսական նվերներով։ Մրցույթի երկու ենթախմբերի հաղթողները կպարգևատրվեն նաև դրամական պարգևներով: Երկու ենթախմբերի հաղթող մասնակիցների ուսուցիչները ևս կպարգևատրվեն դրամական պարգևներով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. մայիսի 5-ը:

Նմանատիպ նյութեր