211652_close_icon
views-count5159 դիտում article-date 16:16 02-03-2018

ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Արմավիր. մարզում թափ է առնում ոչ ավանդական գյուղատնտեսությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը Արմավիրի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ և այլ պատասխանատուներ: Անդրադառնալով ոռոգման սեզոնի մեկնարկին առնչվող հարցերին` Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները, Արմավիրի մարզում արդեն սկսվել են շուրջ 400 պոմպերի վերականգնման և մոտ 3 կմ ջրագծերի մաքրման աշխատանքները: «Կապված եղանակային պայմանների հետ մենք արդեն սկսել ենք նաև 14 խորքային հորերի վերականգնման և 23 նոր խորքային հորերի հորատման նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև մարտ ամսվա վերջ»,- նշել է Արսեն Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ իրականացվում են Սելավ-Մաստարա ջրամբարի նախագծման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա 10,5 մլն մ3 տարողությամբ ջրամբար ունենալ: Բացի այդ, ընթացիկ տարում կմեկնարկի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 մլն դոլար է, ծրագրի գերակշիռ մասն իրականացվելու է Արմավիրի մարզում, ընթացքի մեջ են նաև ոռոգման ոլորտի բարելավմանն ուղղված այլ ծրագրեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պետական աջակցությամբ հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների տրամադրման և սուբիսդավորվող վարկային ծրագրերը, խորհրդատվական ծրագրերը, համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների գործընթացին առնչվող հարցեր: Մարզի պատասխանատուները նշել են, որ անասնագլխաքանակի աճով պայմանավորված իրենց անհրաժեշտ է լրացուցիչ քանակությամբ պատվաստանյութ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հավաստիացրել է, որ անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութը կտարամադրվի: Անդրադարձ է կատարվել նաև ձկնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Փշատավան համայնքի ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Ֆերման հիմնադրվել է 2008 թվականին, ջայլամները Հայաստան են ներմուծվել հարևան Իրանից, ներկայում այստեղ բուծվում է 400 ջայլամ, որոնք արդեն հարմարվել են տեղի կլիմային: Նախորդ տարվա վերջին մսամթերքի արտադրություն են սկսել. ջայլամի մսից արտադրում են բաստուրմա, սուջուխ, տհալ և մատակարարում տեղական սուպերմարկետներին: Ֆերմայի գլխավոր անասնաբույժ Արմեն Սարգսյանի խոսքով` նախատեսում են ընդլայնել գործունեությունը. ջերկի կարտադրեն, ինչպես նաև կզբաղվեն կաշվի և փետուրների վերամշակմամբ: Հնարավոր է, որ շուտով հայկական ջայլամի մսամթերքը համտեսելու հնարավորություն ունենան նաև Ռուսաստանի սպառողները: Այցի շրջանակում Գյուղատնտեսության նախարարը եղել է նաև Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված կեռասի ինտենսիվ այգում: Ընկերության գլխավոր գյուղատնտես Ռուբեն Աբգարյանը նշել է, որ այգին հիմնվել է 2016 թվականի աշնանը 30 հեկտար հողատարածքի վրա, ակնկալվում է, որ բերքատվությունը կարող է կազմել հեկտարից մոտ 18-20 տոննա: «Արմավիրի մարզում քննարկեցինք գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին առնչվող բոլոր հարցերը, կան խնդիրներ, որոնց լուծումները հերթով տալիս ենք »,-նշել է նախարար Առաքելյանը: Անդրադառնալով պետական աջակցության ծրագրերին` նախարարը նշել է, որ մարզերում պետք է սկսվեն գումարների հավաքագրման աշխատանքները, որից հետո օպերատիվ կերպով դիզվառելիքը, ֆոսֆորական,կալիումական պարարտանյութերը և սերմացուն կհասցվի գյուղացուն: Նախարարը հավելել է, որ այս տարի մրցակցային դաշտ ստեղծելու նպատակով ազատականացվել է ազոտական պարարտանյութերի շուկան, սակայն նախարարությունը հետևելու է, որպեսզի գների աճ չլինի և գյուղացին այն կարողանա ձեռք բերել շուրջ 7000 դրամի սահմաններում: Դիզվառելիքի տրամադրման համար նախարարությունը մրցույթ է հայտարարել, որի արդյունքում կընտրվի նվազագույն գին առաջարկած ընկերությունը, իսկ կառավարությունը կսուբսիդավորի այն մինչև 60 դրամի չափով: «Գյուղատնտեսությունը մեծ պոտենցիալ ունի ներդրումներ անելու և գումար վաստակելու համար: Մենք տարեցտարի ակնկալում ենք ավելի շատ ներդրումներ, քանի որ կա կառավարության կողմից հաստատված ոռոգման համակարգի բարելավման ծրագիր, ինչը թույլ կտա ավելի շատ ոռոգվող հողեր ունենալ, բացի այդ այժմ պիլոտային ապահովագրություն ենք իրականացնում, որից հետո մենք կունենանք ավելի ապահով գյուղատնտեսություն, որը նույնպես խթան կհանդիսանա գյուղատնտեսությունով զբաղվելու համար: Մեր ծրագրերը տարեցտարի ընդլայնվելու են և տալու են նոր հնարավորություններ ներդրումների համար»,- ամփոփելով խոսքը` հավելել է գյուղատնտեսության նախարարը` ընդգծելով, որ 2017 թվականին ոլորտում շուրջ 73 մլն դոլարի ներդրում է կատարվել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով` մարզում տարեցտարի մեծ թափ է առնում ջերմոցաշինությունը, հանրապետությունում հավակնում են առաջատար դառնալ ջերմոցային տարածքների ծավալներով: Ավանդական մշակաբույսերին զուգահեռ այստեղ ծնեբեկի մշակությունն են սկսել, բերքի մեծ մասն արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ այս բարձրաժեք մշակաբույսը մեծ սպառում ունի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր