211652_close_icon
views-count6486 դիտում article-date 15:26 08-03-2018

Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել Արցախին և Հայաստանին տրամադրել 70 մլն դոլար օժանդակություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/925442/haykakan-harcerov-handznakhumby-kongresin-koch-e-arel-arcakhin.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

Նմանատիպ նյութեր