211652_close_icon
views-count4451 դիտում article-date 22:28 12-03-2018

Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական. Կարեն Կարապետյան

Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 12-ին, հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահին ջերմ ընդունելության համար և փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ջերմ ողջույնները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական, և դա պայմանավորված է պատմական առնչություններով, լիբանանահայ համայնքի դերակատարությամբ: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զգալիորեն զիջում են տնտեսական կապերը, և պետք է ակտիվ աշխատել դրանք զարգացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ներկայացրել է Լիբանանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը և այն ուղղությունները, որոնք հեռանկարային են համարվել տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Կարեն Կարապետյանը երախտագիտություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի կողմից դեռևս 2000 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կապակցությամբ: Հայաստանի և Լիբանանի միջև կապերի ակտիվացման համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև միջխորհրդարանական համագործակցությունը և ակտիվ շփումները՝ հատկապես բարեկամության խմբերի միջև:

Նմանատիպ նյութեր