19094 դիտում
16:13 17-03-2018
Բագրատաշենի անցակետի տեսուչներին խոշոր չափերով կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով Տավուշի մարզի 2 բնակիչ է ձերբակալվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչը և մի շարք այլ պաշտոնատար անձինք Վրաստանից տարբեր ապրանքների, այդ թվում` ավտոպահեստամասերի, կենցաղային իրերի և միրգ-բանջարեղենի անօրինական ներկրմամբ զբաղվող տարբեր ՀՀ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարել:
Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ մաքսային տեսուչն առանց օրենքով սահմանված կարգով ապրանքները զննելու և հայտարարագրելու, ինչպես նաև առանց մաքսատուրքի վճարման Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ին, Դ. Ա.-ին և մի շարք այլ ՀՀ քաղաքացիների թույլատրել է անօրինական ճանապարհով ապրանքներ ներկրել ՀՀ տարածք:
Դրա դիմաց մաքսային տեսուչն ինչպես անձամբ, այնպես էլ ՊԵԿ մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ վերը նշված քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Քննությամբ պարզվել է նաև, որ Գ. Թ.-ն մաքսային տեսուչին կաշառք է տվել Տավուշի մարզի բնակիչ Վ. Ն.-ի օժանդակությամբ:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մաքսային տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար ՊԵԿ մյուս աշխատակցին մեղադրանքեր են առաջադրվել 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Տավուշի մարզի բնակիչներ Գ. Թ.-ն ու Վ. Ն.-ն ձերբակալվել են մաքսային տեսուչին խոշոր չափերով կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: Պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:
Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու և դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
2238 դիտում
13:56 27-06-2015
Ձերբակալվել է փաստաբանը` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձին օժանդակելու կասկածանքով
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին