5014 դիտում
20:39 17-03-2018
Կարեն Կարապետյան. 2018թ. համայնքներում ներքին ճանապարհների, լուսավորության և աղբահանության խնդիրները պետք է կարգավորվեն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վեդի` ծանոթանալու 2017 թ. Արարատի մարզի զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Մարզպետ Արամայի Գրիգորյանը զեկուցել է, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասը նախատեսվել էր 6 մլրդ 834.7 մլն դրամ, որի դիմաց փաստացի մուտքը կազմել է 6 մլրդ 907 մլն դրամ, կամ 101.1%, նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 442.4 մլն դրամով, ինչը պայմանավորված է ինչպես ապառքների, այնպես էլ հաշվարկային ցուցանիշների ավել պլանավորմամբ: Սեփական եկամուտների գծով նախատեսված 2 մլրդ 227.7 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 մլրդ 365.7 մլն դրամ, սեփական եկամուտների պլանը կատարվել է 106.2%-ով: Համայնքների սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 9155 դրամ՝ 2016-ի 7069 դրամի դիմաց: Ակնկալվում է այդ թիվը 2018-ի ընթացքում հասցնել 10699 դրամի:
Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ մարզը 2017-ին աննախադեպ ցուցանիշ է արձագանագրել համայնքային բյուջեների հավաքագրման ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ մարզում նախորդ տարվա համեմատ շուրջ 524 մլն դրամից ավել գումար է հավաքագրվել, բյուջեների կատարողականը հասցնելով 106,5 %-ի: 2018-ին համայնքների կողմից նախատեսվում է ավելացնել սեփական եկամուտները 538,3 մլն դրամով (կամ 24,1 տոկոսով):
Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել ավելացնել համայնքների եկամուտները մեկ շնչի հաշվով: «Այս ցուցանիշով Արարատի մարզը հանրապետությունում գտնվում է միջակայքում: Ակնկալվում է, որ սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով հանրապետությունում կազմելու է 11350 դրամ, ինչը նշանակում է, որ Արարատում այդ ցուցանիշը պետք է ավելին լինի, քանի որ մարզը ամենազարգացածներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, որ եթե գույքը, հողը, չի գույքագրվում, ապա ցուցանիշները ցածր են լինելու», - ասել է վարչապետը:
Արամայիս Գրիգորյանը նշել է, որ մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերն իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2017 թվականին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը: Ծրագրերի գնումներն իրականացնելու արդյունքում տնտեսվել է 124,7 մլն դրամ և վերադարձվել պետական բյուջե: Ընթացքի մեջ են Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման, Արարատ քաղաքի ավագ դպրոցի, Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի կառուցման, Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման, Աբովյան և Դաշտաքար համայնքների մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները:
Նշվել է, որ նախորդ տարի մարզում տրամադրվել է 500 շինթույլտվություն և ակնկալվում է, որ ընթացիկ տարի շինարարության ոլոտում մարզում կարձանագրվի 10 տոկոսի աճ: Բնակչության միջոցներով 2017-ի ընթացքում շինարարության բնագավառում իրականացվել է 3 միլիարդ 800 մլն դրամի շինարարություն. Ակնկալվում է, որ այդ թիվն այս տարի կհասնի 4 մլրդ 200 մլն դրամի՝ հաշվի առնելով նաև այն, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում արդեն իսկ տրվել է շուրջ 100 շինթույլտվություն:
Ջրամատակարարման ուղղությամբ «Վեոլիա Ջուր» ընկերության պատվիրատվությամբ մարզի համայնքներում ջրամատակարարման բնագավառում 2017-ին իրականացվել է մոտ 300 միլիոն դրամի աշխատանքներ, դրանցից ամենախոշորը Գառնի–Արտաշատ–Երասխ 1800 գ/մ երկարությամբ նոր ջրագծի կառուցումն է 200 միլիոն դրամ, որի շինմոնտաժային աշխատանքները ավարտվել են, ընթանում են փորձարկման աշխատանքները:
Մարզպետը զեկուցել է, որ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը կազմում է 260, որոնցից վերացվել են 217-ը:
Աղբավայրերի թիվը նախատեսվում է թողնել 3-4 հատ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում կցանկապատվեն և կբարեկարգվեն: 2018-ին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու աղբահանության ոլորտում նախատեսված աշխատանքներին: Մարզպետարանի պատասխանատուները զեկուցել են, որ մարզում աղբահանության տարեկան բյուջեն կազմում է 345 մլն դրամ և ընթացիկ տարում կապահովվի ինքնածախսածածկում: Արդեն իսկ պայմանագրեր են կնքվել 2600-ի իրավաբանական անձանց հետ. Վարչապետը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրեր կնքել նաև մնացած 400 իրավաբանական անձանց հետ:
Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է վերանայել աղբահանության սակագները: «Մենք աղբահանության համար ինչ ֆինանսավորում ենք՝ շարունակելու ենք, բայց ինքնածախսածածկման պարագայում առաջարկելու ենք, որ այդ միջոցներով ավելի օգտակար ծրագրեր իրականացնեք», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս տարի նույնպես հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի խնդրին, որպեսզի մեր գյուղացին այն ունենա: Միաժամանակ, անդրադառնալով ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու խնդիրներին, վարչապետը նշել է. «Մեր ջրային պաշարների կոմիտեն ամեն տարի գալիս է այդ ջրանցքները մաքրում է կուտակած աղբից: Մենք այդ հարցին անդրադարձել ենք կառավարության նիստին: Բոլոր այդ կետերը, որտեղ այդ ռիսկերը կան, վերցնում եք անձնական վերահսկողության տակ: Համայնքների ղեկավարներին զգուշացնում եք, որ եթե մենք վաղը գանք, և համայնքում տեսնենք, որ այդ ջրանցքը կրկին լցված է աղբով, և այդ համայնքը ջուր չունի, ասելու ենք, գումարը տրամադրեք, որպեսզի մենք այն մաքրենք: Համապատասխան եղանակով համայնքների բնակիչներին տեղեկացնում եք, որ եթե աղտոտեք և չմաքրեք, ուրեմն ջուր և համապատասխանաբար բերք չեք ունենալու»:
2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում կիրականացվեն 2.1 մլրդ դրամի աշխատանքներ:
Անդրադառնալով ճանապարհաշինությանը՝ վարչապետը հորդորել է հատկապես գյուղական համայնքներում ճանապարհները վերանորոգել ոչ ստանդարտ լուծումներով:
«2018թ. հետևյալ խնդիրներ պետք է համայնքների առջև դնենք: Ներքին ճանապարհները կարգավորել հնարավորինս էժան և ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, լուսավորությունը և աղբահանության հարցը և աղբարկղների տեղադրումը: Այդ հարցերի լուծման համար մեծ միջոցներ պետք չեն: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ծրագիր նայենք, մանավանդ, որ հիմա սուբվենցիաների բանաձև ենք դրել՝ ասում ենք եթե համայնքը սա է անում, ուրեմն մենք սա կանենք: Ձեր առջև դրեք այդ խնդիրը, պարոն մարզպետ», - ասել է Կարեն Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ևս համայնքներում տրամադրությունը փոխելու է:
Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ մարզում գործում են 49,116 գյուղացիական տնտեսություններ, առկա են 305 հա ջերմոցներ, 1840 սառնարաններ՝ 17770 տոննա ընդհանուր հզորությամբ: Գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվը 2017-ի դրությամբ կազմում է 313 գյուղացիական տնտեսություններ՝ 2016-ի 280-ի փոխարեն: Նախորդ տարվա ընթացքում կատարված ցանքերը մարզում կազմել են 18507 հա, նախորդ տարվա համեմատ ավել է արտադրվել շուրջ 30765 տոննա պտուղ և 19236 տոննա խաղող:
Լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել 10 միավոր գյուղատնտեսական տեխնիկա: Մարզպետը նշել է, որ մարզի գյուղատնտեսության զարգացման վրա էական ազդեցություն կունենա Երասխ համայնքում 30 հա գյուղնշանակության հողատարածքների վրա «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից սկսված կաթիլային համակարգի տեղադրմամբ ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները, «Գրին Հաուս» ՍՊԸ-ի կողմից Շահումյան համայնքում իրականացվում է ջերմոցային տնտեսության ընդլայնման ծրագիրը: Այս առումով, կարևորվել է նաև Քաղցրաշենի ինքնահոս ջրատարի կառուցման ծրագիրը, որի արդյունքում ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 378 հա-ով:
Կարեն Կարապետյանն անբավարար է համարել մարզում ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերի ընթացքը և հորդորել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները: «Մենք գյուղատնտեսությանն այսօր տնտեսական լեզվով ասած գումար ենք տալիս և ավելի քիչ գումար ենք վերցնելու: Երբ երկու տոկոս դրամով վարկը, այն պարագայում, երբ մեր գնաճը 2.6 տոկոս է, նշանակում է, որ մենք 100 դրամ տալիս ենք, վերջում այդքան էլ չենք վերցնելու: Այդ ծրագրերը՝ ինտենսիվ այգին, գյուղատնտեսության տեխնիկայի լիզինգ, կաթիլային համակարգ, հակակարկտային համակարգ, գումարած մեր ունիվերսալ ծրագիրը՝ 3-10 մլն՝ 5 տոկոսով և սահմանամերձ համայնքների համար՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Գյուղատնտեսության պատասխանատուները պետք է օր ու գիշեր դրա մասին մտածեն ու անհանգիստ լինեն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ անանսպահության ոլորտի զարգացման նպատակով առաջիկայում ներկայացվելու է սուբսիդավորման նոր փաթեթ:
Զեկուցվել է, որ մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում 32475 աշակերտով կոմպլեկտավորվել է 1610 դասարան: Աշակերտների թիվն անցած տարվա համեմատ ավելացել է 519-ով, իսկ դասարանների թիվը՝ 10-ով: Վարչապետը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել հատկապես օտար լեզուների, ձեռնարկատիրություն, ֆիզիկական կուլտուրա առարկաների դասավանդմանը:
Առողջապահության բնագավառում 2017-ի ընթացքում մարզում համավճարով և վճարովի ծառայություններով մուտքերը կազմել են շուրջ 340 մլն դրամ, որը 2016-ի մուտքերից 6,5 մլն դրամով ավելի է: Վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2016-ին կազմել է 334 մլն դրամ, 2017-ին ՝ 338 մլն, իսկ 2018-ին նախատեսվում է 395 մլն դրամ: Նշվել է, որ 2018-ին կավարտվի Արտաշատի հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, այնուհետև կիրականացվի հիվանդանոցը ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով ապահովվելու ծրագիրը: Վարչապետը հորդորել է վերանայել վճարովի ծառայություններից ներգրավվող միջոցների ծավալը և ներկայացված ցուցանիշները գնահատել անբավարար: Վարչապետի խոսքով՝ առողջապահության ոլորտում նման հանդուրժողականությունն անթույլատրելի է»:
Արամայիս Գրիգորյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության կրճատման միջոցով Արարատի մարզում ընթացիկ տարվա ընթացքում ակնկալվում է ապահովել 20% տնտեսական աճ: Նպատակներին հասնելու համար սահմանվել են հիմնական գերակա 2 ուղղություններ. արդյունաբերության աճ՝ շեշտը դնելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա և ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:
Մարզում կատարված ներդրումների ծավալը 2017-ին կազմել է 32,1 մլրդ դրամ՝ ստեղծվել է 3000 նոր աշխատատեղ: 2018-ին ներդրումների ծավալը նախատեսում է հասցնել 42 մլրդ դրամի:
Վարչապետն անհրաժեշտ է համարել ակտիվացնել բիզնես ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքները: «Բիզնեսի, գործարար մարդու նկատմամբ ուշադիր եղեք և դիտարկեք պետական ու համայնքային չօգտագործվող տարածքներն ու գույքը մասնավորին տրամադրելու հնարավորությունը՝ նոր աշխատատաղեր ստեղծելու և ներդրումներ կատարելու պարագայում», - նշել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան