211652_close_icon
views-count5471 դիտում article-date 16:29 19-03-2018

Նախագահը հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի հարգելի՛ ներկայացուցիչներ: Այսպիսի օպերատիվ հավաքները վաղուց արդեն ավանդական են դարձել: Հենց այս հանդիպումների շնորհիվ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզաբանում է գեներալների, սպաների, քաղաքացիական հատուկ ծառայողների առջև դրվող խնդիրները: Մենք միասին նաև տեղեկատվություն ենք փոխանակում, ստուգում մեր աշխատանքի արդյունավետությունը: Տարիներ շարունակ մեր զինված ուժերի առանցքում դրել ենք անհատի գիտելիքն ու ունակությունները բազմապատկելու խնդիրը: Մեր նախընտրությունը մշտապես եղել է ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունը: Այս հավաքները եղել են որակական առավելության հասնելու ուղիների շահագրգիռ քննարկումների դրսևորումներից մեկը: Այսօր մենք մտքեր կփոխանակենք, որպեսզի ձևավորենք միասնական պատկերացումներ, տեսակետներ և մոտեցումներ մեր ապագա ծրագրերի շուրջ: Մեր առաջնահերթ խնդիրն է պաշտպանության քաղաքականության համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներով պայմանավորված բարեփոխումներին: Սահմանադրության համաձայն փոփոխության է ենթարկվում Հայաստանի զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության խորհուրդ-կառավարություն-պաշտպանության նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը: Զինված ուժերի քաղաքացիական կառավարումը և վերահսկումը ևս պետք է հարստացվեն նոր բովանդակությամբ: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ունենալու դերակատարություն պետության կարևոր ինստիտուտներից մեկի՝ զինված ուժերի կյանքում: Վարչապետի առաջարկությամբ նա նշանակելու է Հայաստանի զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձին՝ գլխավոր շտաբի պետին, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև շնորհելու է բարձրագույն զինվորական կոչումները: Արդեն իսկ զգալի աշխատանքներ են իրականացվել պաշտպանության ոլորտի օրենսդրությունը վերանայելու ուղղությամբ, սակայն այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Պաշտպանության բնագավառի պաշտոնյաները պետք է լինեն ճկուն՝ համագործակցելով ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության իրենց գործընկերների հետ: Մեծ է անելիքը այս նոր պայմաններում ենթաօրենսդրական ակտերի մշակման և համապատասխանեցման գործում: Մենք պետք է ոչ միայն լավ օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր գրենք, այլև լավագույնս իրականացնենք դրանք: Այս երկուսի միջև խզում կամ, առավել ևս, թերացում չպետք է լինի: Այս փոփոխությունների և զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումների համատեքստում որոշել ենք «Շանթ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը տեղափոխել այս տարվա աշուն: Զորավարժության հիմնական նպատակը պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային պատրաստության մակարդակի գնահատումն է, ինչպես նաև պետական տարբեր հաստատությունների փոխգործակցության և ներդաշնակության բարձրացումը: Զորավարժությունը ներառելու է ամենատարբեր ոլորտներին վերաբերող ներածականներ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր նախարարությանը փորձարկել սեփական որոշումների կայացման մեխանիզմները և կատարելագործել դրանք։ Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առաջնահերթ խնդիրն է: Մեր դիրքորոշումն անփոփոխ է: Դրա մասին վերջերս բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու տարբեր, նաև՝ ամենաբարձր միջազգային ամբիոններից: Ասածներս կրկնելու իմաստը չեմ տեսնում: Միևնույն ժամանակ, բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող: Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք: Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016 թվականի ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան: Ավելին, մենք պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը: Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Այս ճանապարհին մեր ամենակարևոր պրակտիկ քայլերից մեկը զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացումն է: Առաջին հերթին, մենք բանակը դարձրել ենք առավելագույնս թափանցիկ և հասկանալի մեր հանրության համար: Դա բնավ չի թուլացրել մեր զինված ուժերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդել է բանակ-հասարակություն կապը: Ավելին, բանակի վրա ծախսվող ռեսուրսները գնալով դառնում են ավելի հասանելի և օգտավետ մեր հասարակության լայն շերտերի համար: Դա նաև արտահայտվում է կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց անուններն արդեն, իհարկե, քաջ հայտնի են բոլորին: Արդեն իսկ պատրաստ է գալիք յոթ տարիների բարեփոխումների ճանապարհային քարտեզը: Ցանկացած պլանավորում և վերահսկողություն պաշտպանության նախարարությունում և գլխավոր շտաբում իրականացվում է ըստ յոթնամյա ծրագրի՝ լինի դա բյուջետային պլանավորում, պաշարների, մարդկային ռեսուրսների հաշվառում, թե այլ բան: Արդիականացվում է նաև կառավարման համակարգը: Կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե կրճատումներին, այլ գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև խնդիրների առավել արդյունավետ լուծմանը: Զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի լայն ներդրումը համարում եմ աշխատանքի պարտադիր պայման: Պաշտպանության նախարարությունը խոշորագույն սպառող և մեծածավալ գնումներ իրականացնող մարմին է: Գնումների գործընթացում պետք է հասնել առավելագույն թափանցիկության, ազատ և արդար մրցակցության: Ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացումը պետք է ապահովվի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ճիշտ տեխնիկական բնութագրեր կազմելու միջոցով: Գնումներ իրականացնելիս պետք է հնարավորինս խուսափել միջնորդ կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև բացառել մրցույթների կազմակերպիչների և մասնակիցների կողմից տարբեր տեսակի անօրինական գործողությունները, այսպես ասած՝ հնարամտությունները: Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար: Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները: Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները Անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է: Ես սա չեմ ասում ձևի համար, այլ ասում եմ, որովհետև այդպիսի երևույթներ են եղել և այսօր շարունակվում են: Ռազմարդյունաբերությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները: Անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Դրա շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք ենք բերում նոր բարեկամներ և գործընկերներ։ Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարևոր երաշխիքն է: Զինված ուժերում առկա սոցիալական խնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում են: Մեր պարտքն է համակարգային մոտեցում ցուցաբերել մեր զինհաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործում է առավելագույնս թափանցիկ և անվտանգության ոլորտում պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության լավ օրինակ է: Կարծում եմ, որ ժամանակի հետ կաճեն նաև կամավոր վճարումները: Իրոք, ես բարձր եմ գնահատում ինչպես այս հիմնադրամի ստեղծման գաղափարը, այնպես էլ հիմնադրամի աշխատանքները: Եթե ուշադիր հետևելու լինենք՝ կտեսնենք, որ դրա շնորհիվ ինչ-որ չափով մեղմացվել է եղած խնդիրը: Ես համոզված եմ, որ տարիների ընթացքում հիմնադրամն ունենալու է այնպիսի հնարավորություններ, որոնք մեզ հնարավորություն են տալու ավելի խորացնելու աշխատանքները և, լավ առումով եմ ասում՝ խախտելու հիմնադրամի առաքելության ժամկետները: Ես նկատի ունեմ՝ մենք կամաց-կամաց անցնելու ենք, հետ ենք դառնալու դեպի նախորդ տարիներ: Ֆինանսական հնարավորությունները դա թույլ են տալու: Թեև, ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ զոհվածների ընտանիքների, հաշմանդամների սոցիալական խնդիրները շատ ծանր բեռ են ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ կան, որոնց սոցիալական խնդիրները մինչև հիմա լուծված չեն: Տեսեք, թե քանի տարիներ են անցել: Բայց սա խնդիր է, պարտականություն է, որ պետությունն ուղղակի պարտավոր է լուծել, և գալու է ժամանակ, երբ մեր երկրում չի լինելու զոհված համ հաշմանդամ զինվորի ընտանիք, որ սոցիալական լուրջ աջակցություն չի ստանալու: Իրականացվում են բնակարանային ապահովության հատուկ ծրագրեր սպաների բնակարանային պայմանների բարելավման համար: Ըստ ծրագրի՝ սպան գրանցումից հետո արդեն երրորդ տարում բնակարան կստանա: Դրա համար կտրամադրվի հիփոթեքային վարկ և 20 տարիների ընթացքում նա կմարի միայն մայր գումարը, այն էլ՝ որոշակի զեղչով: Հաղթանակած և բարձր համբավ ունեցող բանակին վայել է միայն բարձր կարգապահությունը: Չպետք է որոշ ամոթալի դեպքեր ստվեր գցեն բոլորիդ կատարած ահռելի աշխատանքի վրա: Բանակն իսկապես մեր ժողովրդի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, ուստի նման դեպքերն արժանանում են զգայուն հասարակական արձագանքի: Մարտական պատրաստության գործընթացը և պարապմունքների հստակ ժամանակացույցը կարգապահության ամրապնդման, բռնարարքների բացառման, արտակարգ դեպքերի նվազեցման ամենաարդյունավետ ճանապարհն են: Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում, ինչը, իհարկե, անթույլատրելի է: Այդուհանդերձ, որքան էլ բարելավենք ցուցանիշները, այս ուղղությամբ մեր աշխատանքների գերազանց արդյունքը միայն ու միայն «զրո» ցուցանիշը պետք է լինի: Այսինքն՝ ոչ մի զոհ բանակում: Միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել լիարժեք գոհ լինելու մասին: Ինքնակատարելագործումը և մեթոդական պատրաստությունը, պետք է լինեն ձեր ծառայության անբաժան բաղկացուցիչը: Տեսական գիտելիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, քան ընթերցանությունն է, չկա: Իսկ եթե տեսական գիտելիքներ չկան, ի՞նչը պետք է կիրառվի գործնականում: Պետք է դրա համար միշտ ժամանակ գտնեք: Եվ հայտնի բան է, որ մշտապես ժամանակ չունեն միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Հայաստանի զինվորականը պետք է մշտապես կատարելագործվի և զարգանա: Ուսուցման և աշխատանքի ժամանակ ստացած գիտելիքները արագ կորչում են, եթե չեն ամրապնդվում ինքնապատրաստությամբ: Որևէ բան սովորելու համար ոչ մի առիթ բաց մի թողեք: Օգտակար բան սովորել հնարավոր է բոլորից՝ թե՛ ղեկավարներից և թե՛ ենթականերից: Խստապահանջ եղեք ինքներդ ձեր և կողքինների նկատմամբ: Առաջինը դուք պետք է տեսնեք սեփական սխալները: Արեք հետևություններ, որպեսզի այլևս չկրկնեք այդ սխալները: Եվ մեկ անգամ ևս հստակ պետք է ընդգծենք՝ ցանկացած խստապահանջության հիմքում ձեր սեփական օրինակը պետք է լինի: Չես կարող խստապահանջ լինել ենթակայի նկատմամբ, եթե ինքդ խախտում ես ինչ-որ բան: Պարոնա՛յք գեներալներ և սպաներ, Առաջընթացը առաջին հերթին պայմանավորված է բոլորիս ձեռնարկած ջանքերով, ցանկությամբ, նվիրվածության աստիճանով և որդեգրած սկզբունքներով: Սխալը, իհարկե, ներելի է, սակայն անբարո և անսկզբունք մոտեցումը՝ ոչ, երբե՛ք: Ինչպես ասել է մեր մեծերից մեկը՝ յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ուժի մղումով: Անցած տարիների ընթացքում ես մշտապես եղել եմ ձեր կողքին: Մենք միասին շատ երկար ճանապարհ ենք անցել: Այդ ճանապարհի ընթացքում մենք ունեցել ենք հրճվանքի և ափսոսանքի պահեր: Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում: Անկեղծ եմ ասում, ես վստահում և հավատում եմ ձեզ: Մենք ուղղակի պարտավոր ենք ձեռնարկել քայլեր, որոնք կբարձրացնեն մեր ժողովրդի անվտանգության աստիճանը: Սա՛ է մեր գերագույն խնդիրը: Շնորհակալ եմ ուշադրության համար: Հիմա պատրաստ եմ պատասխանելու ձեր ցանկացած հարցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր