211652_close_icon
views-count2412 դիտում article-date 19:56 20-03-2018

Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը

Մարտի 20-ին Երեւանում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ շուրջ քսաներեք երկիր ներկայացնող 41 պատվիրակներ: ՖԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Քրիստոֆ-Անդրե Ֆրասսան, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել հայկական կողմին, ապա ներկայացրել բանախոսներին: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչներին ՀՀ Ազգային ժողովում ողջունել եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:Խորհրդարանի ղեկավարի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: Այնուհետեւ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական խորհրդաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի առաջարկով օրակարգի ընդունումից հետո կլոր սեղան-քննարկման ընթացքում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների քաղաքական նորությունները: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՖԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը գործընկերներին ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումները Հայաստանում: ՀՀ ԱԺ պատագամավորն անդրադարձել է կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ նշելով, որ այս տարվա մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընտրել է երկրի նախագահ: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ նոր լիազորություններով օժտված խորհրդարանն ընտրելու է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, իսկ լիակատար խորհրդարանական կառավարման Հայաստանը կանցնի այս տարվա ապրիլի 9-ից: Ֆրանկոֆոն երկրների պատվիրակներն ընդունել են 2017 թվականի հուլիսի 9-ի Լյուքսեմբուրգի հանդիպման զեկույցի եւ որոշումների վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը՝ Ֆրանկոֆոն երկրներում քաղաքական իրավիճակների, G5 Sahel միության միացյալ ուժերի եւ Sahel դաշինքի, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վերաբերյալ: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի մարտի 21-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր