211652_close_icon
views-count3388 դիտում article-date 21:46 20-03-2018

«Եղիր անհատ». ԵՊՀ պրոֆեսոր Էլդա Գրինը կդառնար 90 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 20-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Էլդա Գրինի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի շրջանակում տեղի ունեցավ նրա՝ հետմահու տպագրված «Աֆեկտ» մենագրության շնորհանդեսը: 100-ից ավելի հոդվածների, բազմաթիվ մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հեղինակ, հոգեբան, մանկավարժ և գրող Էլդա Գրինին նվիրված հուշ- ցերեկույթին ներկա էին նրա ընտանիքի անդամները՝ ի դեմս դստեր, թոռնուհու և եղբորորդու՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, մտերիմները, գործընկերները և ուսանողները: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը փաստեց, որ Էլդա Գրինը բուռն և լեցուն կյանք է ունեցել. «Նա ոչ մի օր և ոչ մի րոպե չի կորցրել: Լցված է եղել մշտապես սիրով ու ամրագրել իր ներկայությունը հավերժության մեջ: Էլդա Գրինը մեր մշակույթի և պատմության ամենահետաքրքիր դեմքերից մեկն է: Իր ներկայությամբ նա ձևավորել և իմաստավորել է համալսարանի այսօրվա կերպը»: «Կան մարդիկ, որոնք հեռանում են կյանքից, բայց իրենց ազդեցությունը դեռ երկար շարունակում է մնալ: Էլդան հենց այդ մարդկանցից էր: Նրա նման վառ անհատներից մենք պետք է սովորենք, թե ինչպես ապրել: Ամենամեծ դասը, որ Էլդան տվել է յուրաքանչյուրիս, հետևյալն է՝ եղի՛ր անհատ»,- ցերեկույթի ընթացքում ասաց Դավիթ Հարությունյանը: Միջոցառման մասնակիցները տեսապատկերի միջոցով ծանոթացան նաև գիտնականի կենսագրությանը: Էլդա Գրինը ծնվել է 1928 թ.-ի մարտի 10-ին Թիֆլիսում: 1943 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1947 թ.-ին` Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: 1955 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ-ում: 1971 թ.-ին նրան շնորհվել է դոցենտի, 2003 թ.-ին` պրոֆեսորի կոչում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական 3 ատենախոսություններ: Արժանացել է ԵՊՀ արծաթե և ոսկե հուշամեդալների: Զուգահեռաբար պատմվածքներ է գրել, հրատարակել ու հպարտությամբ է կատարել իրեն վերապահված դերերը` ընտանիքի հոգատար կին, 4 զավակների մայր, տատիկ, զոքանչ ու սկեսուր: Կյանքի 88-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո, հրաժեշտ է տվել կյանքին: Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Ռուբեն Աղուզումցյանն էլ ասաց, որ Էլդա Գրինն ամեն ինչ արել է սիրով. «Կարևորն այն է, որ Էլդան ոչ միայն տաղանդավոր գիտնական էր, այլև յուրահատուկ կին: Նա մինչև կյանքի ավարտը պահպանել է անսահման կանացիությունը և չի կորցրել իր գեղեցկությունը»: Անդրադառնալով մենագրությանը՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը փաստեց, որ գրքում հեղինակն անդրադարձել է պաթոլոգիական և ֆիզիոլոգիական աֆեկտների ախտանիշների տարբերությանը, հուզական լարվածության կուտակմանը` կումուլյացիային, ժամանակակից հոգեբանական փորձաքննության պրակտիկայի վերլուծությանը և այլ ուշագրավ հարցերի: «Հայերենով մասնագիտական որակյալ գրականություն քիչ ունենք: Էլդա Գրինի բոլոր աշխատանքները հենց այդ շարքին են դասվում: Այս գիրքը նրա թողած հարուստ ժառանգության շարունակությունն է, որը մեծ արժեք ունի դատական հոգեբանության ոլորտում»,- նշեց Հրանտ Ավանեսյանը: Հուշ-ցերեկույթի ընթացքում գիտնականի մասին իրենց հուշերը պատմեցին նաև գործընկերները, ուսանողները, իսկ թոռնուհին էլ հանդես եկավ երաժշտական կատարմամբ: [b]Երևանի պետական համալսարան-YSU[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր