211652_close_icon
views-count8550 դիտում article-date 16:07 21-03-2018

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է Հայաստանի 2018-2030թթ. թվային փոխակերպման օրակարգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ: Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները և ռազմավարական շրջանակը, միջազգային հաջողված փորձը, թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ծրագրերը, փոխգործելիության հարթակի ստեղծման և ապահովման անհրաժեշտությունը, ժամանակակից աշխարհում գործող թվային համակարգով մատուցվող ծառայությունների արդյունավետությունը: Զեկուցվել են նաև այն դրական արդյունքները, որոնց հասնում են երկրները թվային փոխակերպման արդյունքում` կառավարման արդյունավետության, ֆինանսավորման հասցեականության, ծառայությունների որակի, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում և ծախսերի ու ժամանակի խնայողություն: «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել են նաև թվային փոխակերպման իրականացման փուլերը, ազդեցությունը երկրի տնտեսության, հանրային կառավարման ոլորտների և հասարակության վրա, 2018 թվականի առաջնահերթ ծրագրերը, ակնկալվող արդյունքներն ու Հայաստանի թվայնացման գործընթացին վերաբերող մի շարք այլ հարցեր: Հանրապետության Նախագահը կարևորել է այս գործընթացը և ընդգծել, որ անհրաժեշտ է մինչ այժմ իրականացված աշխատանքը, ներկայացված առաջարկներն ու գաղափարները ամփոփել և ունենալ իրատեսական ծրագիր՝ հստակ ժամկետներով, ֆինանսական հիմնավորումներով և պատասխանատուներով: «Կարծում եմ, որ բոլորս վաղուց արդեն համոզվել ենք, որ կառավարման արդյունավետության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մեր գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհը թվային տեխնոլոգիաների ներդրումն է: Մենք՝ որպես պետություն, մոտ քսան տարի է այս խնդիրների մասին խոսում ենք, դրանով զբաղվում ենք, բայց երբեք չենք ունեցել որոշակի ծրագիր, ուստի, չենք ունեցել նաև կոնկրետ կառույց, որը պետք է պատասխանատվություն կրի, համակարգի և աշխատանքներն առաջ տանի: Կարծում եմ, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այս խնդիրները պետք է լուծի: Արդեն ունենք նախնական ծրագիր, ունենք գաղափարներ, և լավ կլինի, որ այդ գաղափարները հիմնավոր քննարկենք, ունենանք ծրագիր, որը իրատեսական կլինի իր ժամկետներով, ծախսերով և այլն, որպեսզի ինչ-որ ժամանակ հետո հավաքվենք և տեսնենք, թե ինչ ենք կարողացել անել: Վստահ եմ՝ ծախսերը, որ ուղղվել են դրանց իրականացմանը, ամբողջովին ծածկվելու են այն խնայողություններով, որ բերելու են այս ծառայությունները: Անշուշտ, նաև ֆինանսավորման հասցեականությունն է բարձրանալու: Ընդհանրապես կյանքի որակի փոփոխման մեջ թվային համակարգերի ներդրումն էական դերակատարություն է ունենալու»,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր