211652_close_icon
views-count3384 դիտում article-date 17:35 26-03-2018

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում նույն մարզի բնակիչ Ա. Զ.-ն հայտնել է, որ 23.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն իրեն տարել են ոստիկանություն և տևական ժամանակ պահելով այնտեղ` բռնություն գործադրել իր նկատմամբ. հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: Միաժամանակ հարկադրել են խոստովանել, թե իբր տեսել է, որ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս է հասցրել Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն: Արդյունքում, ոստիկանությունից շուտ դուրս գալու համար, Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Մ.-ն փայտով հարվածել Գ. Ղ.-ի գլխին, թեև իրականում նման դեպքի ականատես չի եղել: Կատարվում է նախաքննություն: Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Լ. Ծ.-ի և Է. Օ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղ իրենց ապօրինի պահել են 5 օր: Բացի այդ, ըստ հաղորդումների, տրանսպորտային միջոցը զննելու մասին կազմված արձանագրության համապատասխան էջում ոստիկանության հիշյալ աշխատակիցներն ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, որ արձանագրության կազմմանը մասնակցել է նաև Է. Օ.-ն, մինչդեռ իրականում վերջինս նշված գործողությանը չի մասնակցել: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր