211652_close_icon
views-count3941 դիտում article-date 23:20 28-03-2018

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը կարող է նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 28-ին աշխատանքային քննարկում է տեղի ունեցել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ: Աշխատանքային քննարկման օրակարգային թեման եղել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ռազմավարական նախաձեռնության քննարկումը, Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանական եւ ոլորտի փորձագիտական հանրույթների միջեւ համագործակցության խթանումը: Քննարկման ընթացքում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով առկա համաշխարհային գործընթացներին, ընդգծել է, որ ներկա աշխարհակարգի, միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների դիմակայման համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագիծը Հայաստանի համար տարածաշրջանային հաղորդակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել, ինչպես նաեւ նպաստել խաղաղությանը եւ բարեկեցությանը Հարավային Կովկասում: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին՝ դեսպան Ըրլոնգը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանը կողմնակից է հակամարտության բացառապես խաղաղ լուծման տարբերակին՝ բանակցությունների միջոցով: Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության օրակարգին, տնտեսական, ներդրումային եւ հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի: Աշխատանքային քննարկման մասնակիցները հղել են հարցեր, հանդես եկել ելույթներով:

Նմանատիպ նյութեր