211652_close_icon
views-count5145 դիտում article-date 10:29 31-03-2018

Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին անձամբ չեմ ճանաչում, բայց նրա ծառայությունը հայտնի է, և, հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ նա իրավամբ մեր ամենահարգված հոգևորականներից մեկն է: Այս պահիս, սակայն, սրբազանը հրաժարվում է հարցազրույցներ տալ, դադարեցրել է իր մասնակցությունը հոգևոր թեմայով հաղորդմանը: Ըստ երևույթին, նեղված է լրատվամիջոցներից, ֆեյսբուքյան օգտատերերից: Նեղվածության պատճառն էլ, հավանաբար, այն է, որ ԶԼՄ-ներն, իր կարծիքով, սխալ են լուսաբանել զոհված զինվորին հուղարկավորելու խնդիրը, իսկ «ֆեյսբուքչիները» էլ խնդիրը մեկնաբանել էին իրենց հատուկ միակողմանիությամբ ու չարությամբ: Հիշեցնեմ՝ այս տարվա փետրվարի 22-ին Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր Ախուրյանի բնակիչ Գրիգոր Եղոյանը, և հարց էր առաջացել նրան եկեղեցական կարգով հուղարկավորելու վերաբերյալ, քանի որ, ըստ որոշ պնդումների, նա մկրտված չէր: Գործի էության մասին արդեն գրել եմ, հիմա գրեմ նեղվածության մասին: Երբեք ինձ իրավունք չեմ վերապահի խորհուրդներ տալ որևէ հոգևորականի, առավել ևս` Միքայել սրբազանին: Պարզապես կիսվեմ իմ՝ «լրագրողական ծառայության» փորձով: Հաճախ է պատահում, որ քաղաքական գործիչները հարցազրույցի կամ ասուլիսի ժամանակ առանց որևէ պատճառի «բշտում» են լրագրողներին՝ ինչ-որ բանում մեղադրելով նրանց: Առաջին մարդկային ռեակցիան շատ բնական է՝ թքել ու գնալ, ու հետո մի երկու քաղցր խոսք գրել այդ անզուսպ գործչի հասցեին: Այդպես էլ վարվում էի 20-25 տարի առաջ: Բայց հիմա ես ինքս ինձ ասում եմ՝ «ստոպ», ինչո՞ւ եմ ես ընկել իմ վիրավորված զգացմունքների հետևից, իմ գործը տեղեկատվություն փոխանցելն է, իսկ այս գործչի ասածներն իմ աշխատանքի հումքն են: Որքա՞ն է այդ հումքի տերն ինձ սիրում կամ ատում՝ դա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի: Ես, ի հեճուկս այս ամենի, իմ գործն եմ անում: Լրագրողն, այդպիսով, պետք է մի քանի անգամ ավելի ներողամիտ ու մեծահոգի լինի, քան քաղաքական գործիչը, որի գործն ընդդիմադիրներին «բշտելն» է, իսկ այդ «խայթոցներից» երբեմն բաժին է հասնում լրագրողներին՝ երբ մարդը չափից դուրս ակտիվ է ձեռքերը թափահարում, ապա պատահական հարված կարող են ստանալ կողքին հայտնված մարդիկ: Հոգևորականի առաքելությունը գուցե շատ ավելի բարձր է, քան լրագրողինը, և թերևս նմանություններն էլ այնքան շատ չեն. պարզապես ուզում էի պատմել, թե ինչպես եմ ես փորձում հաղթահարել իմ նեղվածությունները: Ուրիշ հարց, որ դա ոչ միշտ է ստացվում: ... Ասածս այն է, որ բոլոր խոսքերը՝ քնքուշ, թե վիրավորական, բոլոր արդարացի կամ անարդար մեղադրանքները կմոռացվեն, կգնան: Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր