211652_close_icon
views-count2901 դիտում article-date 22:48 12-04-2018

Պրահայի հեղինակավոր ցուցասրահում տեղի է ունեցել նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Ապրիլի 11-ին Պրահայի հեղինակավոր Յակուբսկա ցուցասրահում տեղի ուենցավ նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Չեխիայի ՀՀ դեսպանությունը և Յակուբսկա ցուցասրահը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, խորհրդարանականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ցուցահանդեսի հեղինակը և Յակուբսկա ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն: Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նախ երախտագիտության խոսք հղեց ցուցասրահի տնօրինությանն ու անձնակազմին` հայաստանցի նկարչուհու ցուցահանդեսի համակազմակերպիչը հանդիսանալու համար` գոհունակություն հայտնելով արդեն ավանդույթ դարձած համագործակցության առթիվ: Արաքսիա Ղազարյանն իր հերթին երախտագիտության խոսք հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկայացրեց ցուցահանդեսի էությունը, բացատրեց թեմայի ընտրության պատճառը և ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնցում հատուկ տեղ է տրված ժայռապատկերների, հայկական տառերի և խորհրդանիշերի թեմաներին: Ցուցահանդեսի բացման պաշտոնական մասի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ցուցասրահի հիմնադիրը` նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն, ում ստեղծագործությունները 2017 թվականին ցուցադրվել էին Երևանում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը: Տեղեկանք. Արաքսիա Ղազարյանը, ով դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հայտնի է իր գունեղ ստեղծագործություններով և բազմաշերտ տեխնիկայի օգտագործմամբ: Նկարչուհու գործերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` Բելգիայում, Իտալիայում, Մոնակոյում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում:

Նմանատիպ նյութեր