1702 դիտում
11:59 13-04-2018
ԳԱԱ-ում քննարկվել են «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների քննարկմանը նվիրված հանդիպում՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել ականավոր և երիտասարդ գիտնականներին՝ կիսվելու փորձով, հանդես գալու զեկույցներով, ինչպես նաև՝ քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները և հետագա մարտահրավերները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման օրակարգում դրված էին գիտաժողովի բացման և անցկացման ձևաչափի ու վայրի, օտարազգի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների հրավիրման, նրանց և հայ գիտնականների կողմից ներկայացվելիք զեկույցների, գիտաժողովի նյութերի՝ ժողովածուի տեսքով հրատարակման, երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներդրում ունեցած հայ և օտար գործիչների պարգևատրման, դեպի Գյումրի և էպիկենտրոնային գոտի այցելության, թեմատիկ վարժանքների անցկացման վերաբերյալ հարցեր:
ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ միջոցառման կարևորությունն ու գլխավոր ուղերձն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է աղետալի երկրաշարժը և հարգում զոհերի հիշատակը, այլև առաջ է նայում և ձգտում ստեղծել դիմակայուն Հայաստան:
«Աղետների ռիսկի նվազեցումն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել՝ ուստի ԱԻ նախարարությունը մշտապես պատրաստակամ է համագործակցել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ լայն ձևաչափերով», - ընդգծեց Դ. Տոնոյանը:
ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներին տարեսկզբին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի կայունացման աշխատանքներում ցուցաբերած աջակության և փոխգործակցության համար:
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ակադեմիայի ինստիտուտները միշտ պատրաստակամ են համատեղ աշխատանքների իրականացման, գիտական խորհրդատվության տրամադրման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ ԳԱԱ միջև տարբեր ոլորտներում գիտատեխնիկական լայն համագործակցություն ձևավորելու հեռանկարները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց կազմել փոխգործակցության վերաբերյալ իրավական փաստաթուղթ, հստակեցնել մասնակից կողմերին և ներառել ԳԱԱ մի շարք ինստիտուտների ևս՝ Երկրաֆիզիկային և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, Մեխանիկայի ինստիտուտ և այլն:
Նշենք, որ միջազգային գիտաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 3-7-ը: Դրա առանցքային թեմաները կլինեն.
1988 թ. Սպիտակի երկրաշարժ. դաշտային դիտարկումներ էպիկենտրոնի տարածքում, տարածաշրջանի ներկայիս սեյսմիկությունը, նոր ուսումնասիրություններ և արդյունքներ 30 տարի անց,
Սեյսմոլոգիական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, սեյսմոտեկտոնիկա, պալեոսեյսմոլոգիա, արխեոսեյսմոլոգիա և սեյսմակայուն շինարարություն,
Երկարաբանական վտանգներ, սեյսմիկ վտանգի գնահատում և սեյսմակայունություն,
Ուժեղ երկրաշարժերի սոցիալական և մշակութային ազդեցությունների ուսումնասիրություններ,
ԱՌՆ ուղղված ռազմավարություն և միջազգային համագործակցություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված