211652_close_icon
views-count1936 դիտում article-date 23:00 30-11-2018

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում (Բաղրամյան 24) կմեկնարկի «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1988թ-ի աղետալի երկրաշարժին: Գիտաժողովի նպատակն է համախմբել առաջատար, ինչպես նաև երիտասարդ գիտնականներին՝ ներկայացնելու իրենց զեկույցները և փորձով կիսվելու, ինչպես նաև քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները և հետագա մարտահրավերները: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 100 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իրանից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ղրղստանից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Քաթարից, Բելգիայից և Կանադայից: Հայաստանը դեռ պատմական ժամանակներից տուժել է ուժեղ երկրաշարժերից, որոնց մասին վկայում են բազմաթիվ պատմական գրավոր աղբյուրներ և մասնագիտական հետազոտությունների արդյունքներ: Բավական է նշել միայն այն փաստը, որ հայոց 12 մայրաքաղաքներն էլ տուժել են տարբեր երկրաշարժերից: Սպիտակի 1988թ. Երկրաշարժը մասնագիտական տեսանկյունից չի համարվում բացառիկ երևույթ, քանի որ երկրագնդի վրա տարեկան 15-20 այդ ուժգնության երկրաշարժեր են լինում: Սակայն այն հայտնի և բացառիկ է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: 30 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը պատճառ հանդիսացավ մոտ 25 հազար զոհերի և 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար նյութական կորուստների այն պատճառով, որ թերագնահատվել էր սեյսմիկ վտանգի աստիճանը և հատկապես խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերը ունեին ցածր որակ: Երկրաշարժի հետևանքով առաջացած հասարակական ցնցումը նոր մակարդակի հասցրեց սեյսմոտեկտոնական գիտելիքները, երկրաշարժերի երկրաբանությունը և սեյսմիկ վտանգների գնահատումը Հայաստանում: Այն նաև կարևոր խթան հանդիսացավ երկրում ակտիվ տեկտոնիկայի և պալեոսեյսմաբանական ուսումնասիրությունների համար և նպաստեց միջազգային համագործակցությանը: Գիտաժողովը կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը և կներառի նաև այցելություն դեպի Գյումրի և էպիկենտրոնային գոտի: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր