160365 դիտում
10:08 14-04-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ЗИЛ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ЗИЛ մակնիշի 11 ՕԼ 817 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի (հրամանատար Ջիվան Մխիթարյանի) և ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատի (ջոկատի հրամանատար Զավեն Մելքոնյանի, հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի) գլխավորությամբ ժամանած հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Մենդիկյանն ու Արմեն Մուրադյանը։
Փաստի առթիվ Ն. Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվ են գործել նաև Աբովյանի շտապօգնության հերթապահ խումբն ու Աբովյանի Ճանշինը։ Դին տեղափոխելուց հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո ճանշինականները մաքրել են բախման հետևանքով կողաշրջված ЗИЛ-ի վրայից թափված ավազը, իսկ հետո հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ և հարվածի հետևանքով սպիդոմետրը արձանագրել է ժամում 140 կմ արագություն։
Մասնագետներն էլ նշում են, որ եթե վթարից հետո արձանագրվել է 140 արագություն, ապա վարորդը մեքենան վարել է 150 արագություն։
Ավտոմեքենաները քննիչի որոշմամբ տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+