211652_close_icon
views-count25825 դիտում article-date 20:54 14-04-2018

ՀՀ Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցների կողմից Երևանի պետական համալսարանի և Հանրային ռադիոյի շենքերում իրականացված գործողությունների փաստերի առթիվ

2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երևանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը: Իսկ 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093791/]մուտք են գործել[/url] պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը: Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ է ներկայացրել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով:

Նմանատիպ նյութեր