211652_close_icon
views-count8493 դիտում article-date 13:16 17-04-2018

Մենք մասնակիցն ենք նոր սկզբի. Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելու մասին

Հայաստանի նոր Սահմանադրությունը հիմք դարձավ արմատապես փոխելու քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները: Ազգային ժողովում իր ելույթում նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Վերջին օրերին և ամիսներին մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի: Այստեղ շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում: Խորհրդարանական կառավարման ձևը իր ավարտուն տեսքի բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է»,- «[url=https://armenpress.am/arm/news/930215.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց Սերժ Սարգսյանը: Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ անկախության առաջին տարիներին գերակշռում էր այն մոտեցումը, որ կայունություն ունենալու համար պետք է ապավինել նախագահի իշխանության դերակատարմանը, այդ տարիներին ավելի մեծ էր վախը քաոսային հնարավոր իրավիճակներից, քան նախագահին լայն լիազորություններով օժտելուց: «Այսօր ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում շարունակում է մնալ հավասարակշված, վերահսկելի իշխանություն ունենալը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա հավելեց, որ կառավարման նոր համակարգում ԱԺ-ն՝ որպես օրենսդիր իշխանություն ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ, իսկ դատարաններն անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև: Ապրիլի 9-ից Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգին: Նույն օրը երդվել ու պաշտոնը ստանձնել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանը նոր կառավարման համակարգում վարչապետի՝ ապրիլի 17-ի ԱԺ նիստում՝ բաց քվեարկությամբ ընտրելուց հետո նոր կառավարություն կունենա 20-օրյա ժամկետում. հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին են ներկայացվելու կառավարության անդամների թեկնածուները: Դրանից հետո 15-օրյա ժամկետում պետք է կառավարության 2/3-ը նշանակված լինի: Երբ նախագահի կողմից կառավարության 2/3-ը նշանակված լինի, կազդարարվի նոր կառավարության ձևավորումը:

Նմանատիպ նյութեր