211652_close_icon
views-count5154 դիտում article-date 14:30 20-04-2018

Անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրած անձանց մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Մասնավորապես, զանգվածային անկարգությունների մասնակից Տիգրան Մազմանյանն այդ ընթացքում բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը: Իսկ Էրիկ Խաչատրյանը և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները վնասել են ընկերության գույքը՝ ոտքերի հարվածներով կոտրելով երրորդ հարկի միջանցքի դուռը, մտել եթերային ստուդիա, ապա ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում: Տևական ժամանակ գտնվելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենքում` Տ. Մազմանյանը, Է. Խաչատրյանն ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, ընկերությանը պատճառել գույքային վնաս` միաժամանակ վտանգելով հասարակական անվտանգությունը: Քննությամբ պարզվել է նաև, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել նաև Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք: Զանգվածային անկարգություններին մասնակցել է նաև անօրինական հավաքների ակտիվ մասնակից Գոռ Միրզոյանը, ով նախապես ձեռք է բերել և մյուսներին բաժանելու համար իր մոտ է պահել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախատեսված մետաղյա ձողեր և փայտե մահակներ: Գ. Միրզոյանը և զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ հարձակվել են և փորձել ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում նրանք քաշքշելու, հրելու, մահակներով հարվածելու, մետաղական արգելապատնեշներ և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին Գ. Միրզոյանը ևս բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով նրանց ուղղությամբ նետելով տարբեր առարկաներ: Հաջորդ օրը զանգվածային անկարգությունները շարունակելու և դրանց ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով Գ. Միրզոյանը հավաքել ու պահել է 17 մետաղյա ձող ու 3 փայտե մահակներ: Սակայն նույն օրը ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում Գ. Միրզոյանի մոտ հայտնաբերել են նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները և վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու համար Տ. Մազմանյանին, Գ. Միրզոյանին և Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են: Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր