211652_close_icon
views-count2670 դիտում article-date 14:54 03-05-2018

Դուք պատասխանատու եք երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում. Կարեն Կարապետյանի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Հարգելի զանգվածային լրատվական միջոցների աշխատակիցներ, լրագրողներ, Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն Հայաստանի հզորացմանը։ Մենք բոլորս պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս պրոցեսում դուք շատ մեծ առաքելություն ունեք: Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է: Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայրի, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի լինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է: Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և բոլորիդ գարնանային լավ տրամադրություն եմ մաղթում»:

Նմանատիպ նյութեր