86964 դիտում
22:22 06-05-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mitsubishi Grandis»-ը. 2 վիրավորներից մեկը զինծառայող է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Հրահատ Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի 086 ԼՍ 67 համարանիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի 34 FP 263 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, «Mitsubishi Grandis»-ից 2 հոգի՝ 20-ամյա Պարգև Իսպիրյանն ու 50-ամյա Սամվել Ղազարյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են՝ մեկը Սիսիանի զինվորական հոսպիտալ, մյուսը՝ Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Պ. Իսպիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ վարորդներից Հ. Գևորգյանը աշխատում է «Սպայկա» ընկերությունում:
Ոստիկանությունը պարզում է «Mitsubishi Grandis»-ի վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+