211652_close_icon
views-count3919 դիտում article-date 21:14 07-05-2018

Վերականգնվում է Հովունի և Վահրամաբերդ գյուղերը կապող ճանապարհահատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Հովունի և Վահրամաբերդ գյուղական համայնքներ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հիմնանորոգման ակտիվ ընթացք է։ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակներում 30 տարուց ավելի չնորոգված 6կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվում է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելեց այս ճանապարհահատված։ Շինարարությունն իրականացնող «Մերձմոսկովյան» ընկերության ղեկավար Արամ Ադամյանը նշեց, որ արդեն կատարվել են ջրահեռացման համակարգի վերականգնման, բազալտե եզրաքարերի տեղադրման, ավազակոպճային ենթահիմքի տեղադրման աշխատանքներ։ Վահրամաբերդում տեղադրվել է 340մ նոր կոյուղագիծ: Ճանապարհային պատվածքի վերականգնումից բացի՝ այստեղ նախատեսվում է նաև վերականգնել և մաքրել ջրթող խողովակները, նոր վաքեր և մետաղական խողովակներ տեղադրել, կատարել մայթերի, իջատեղերի, կողնակների, գյուղտեխնիկայի անցումների կառուցման աշխատանքներ։ Կասֆալտապատվեն դեպի դպրոց տանող ճանապարհները։ Արամ Ադամյանը Վահան Մարտիրոսյանին իր մտահոգությունը հայտնեց դեպի Մարմաշենի վանք գնացող ճանապարհի առնչությամբ։ 10-րդ դարավերջի հայ միջնադարյան ճարտարապետության այս կառույցը, որն իր հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին, բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։ Սակայն անմխիթար վիճակում գտնվող մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհը ներառված չէ հիմնանորոգման նախագծում։ Քննարկվեցին խնդրի լուծման տարբերակներ։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ կարվի լրացուցիչ միջոցներ ներգրավելու և ճանապարհը վերականգնելու համար: Դրանց չբավարարելու դեպքում էլ շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարը խոստացավ իր ներդրումն ունենալ ճանապարհի բարեկարգման աշխատանքներում՝ նպաստելով Շիրակի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։ Ի դեպ, Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան առաջին հարկում է գտնվում Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը։ «Գյուղացիների ջանքերի շնորհիվ է, որ նկարը պահպանվել է գյուղում, քանի որ այն Երևան տեղափոխելու փորձեր են եղել: Երկրաշարժից հետո շենքն ամբողջությամբ քանդվել էր, միայն նկարով պատն էր կանգուն մնացել»,-պատմեց Վահրամաբերդ գյուղի բնակիչ Տաթև Եղիազարյանը: Գյուղացիները լիահույս են, որ ճանապարհը վերականգնելուց հետո մարդկանց մոտ ավելի կմեծանա արվեստի չքնաղ այդ ստեղծագործությանը հաղորդակցվելու ցանկությունը, ինչը ևս կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և բնակիչների կենցաղի բարելավմանը։ Այս տարվա մարտի 23-ից մեկնարկած՝ այս գյուղական համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել 2018թ. հոկտեմբերի 23-ին։ Շինարարներն ընդգծեցին, որ կան բոլոր նախադրյալները աշխատանքները ժամկետից շուտ ավարտելու համար։ Վահան Մարտիրոսյանը շեշտեց շինարարության բարձր որակ ապահովելու կարևորությունը։ Հիմնանորոգման աշխատանքներից բացի, այս ճանապարհահատվածում կտեղադրվեն նաև ճանապարհային նշաններ, արգելապատնեշներ և արգելափակոցներ, կկատարվեն գծանշումներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր