113934 դիտում
22:49 12-05-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. ժամանել են տեղի փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում, 54-ամյա Սամվել Մարգարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 423 OF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու և ՃԿԳ պետ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Մեհրաբյան որդիներ» ՍՊԸ-ին և այն ուղղելու ու երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, որի ժամանակ նաև եղել են մահվան դեպքեր և միայն անցյալ տարի Կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի այն ժամանակվա հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի կողմից կատարած աշխատանքների շնորհիվ տեղադրվեցին բետոնե արգելապատնեշներ ու ճանապարհային երթևկությունը կարգավորող ցուցանակներ, ինչի շնորհիվ ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ» անունը ստացած այս հատվածում վթարները նվազեցին:
Ամբողջ մեկուկես տարվա մեջ 1 վթար է տեղի ունեցել: Մասնագետները նշում էին նաև, որ, եթե բետոնե արգելապատնեշները տեղադրված չլինեին, ապա չէր բացառվի, որ այսօրվա վթարի հետևանքով ունենայինք կամ զոհ կամ վիրավոր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+