26175 դիտում
00:29 16-05-2018
Նիկոլ Փաշինյանը՝ քաղբանտարկյալների մասին. Պետք են օրինական գործիքներ
Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը լինի առանց քաղբանտարկյալների երկիր։ Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, սակայն, նշել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի բացառապես օրինական մեթոդներով։ «Շատերը պատկերացնում են, թե այդ հայտարարությունից պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք, ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք։ Դա ճիշտ ճանապարհ չէ, քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք իրավական գործիքների միջոցով»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Ես զբաղվում եմ քաղբանտարկյալների հարցերով, որպեսզի օրինական միջոցներով ազատ արձակվեն։ Եւ այս խնդրում որեւէ տարընթերցում չպիտի լինի»։
Ըստ Փաշինյանի, եթե դատավճիռն ուժի մեջ է մտել, եւ որոշակի ժամկետ են տվել, պետք է նայեն՝ արդյոք պայմանական ժամկետը լրացել է, եւ տեսնեն, թե ինչ օրինական ճանապարհով կարող են խնդիրը լուծել։
Խոսելով «Սասնա ծռերի» մասին՝ Փաշինյանն ասել է. «Ինչպես և բոլոր ՀԿ-ների, ասեմ ինձ համար կա երկու խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիրներ, որտեղ չունենք զոհեր, ու որտեղ ունենք զոհեր։
Վերջինի դեպքում խոսքը «Սասնա ծռերի» մասին է։ Օրենքով սահմանված կարգով պետք է լուծենք նրանց ազատ արձակման հարցը, օրինակ համաներմամբ։ Պետք է հասկանանք օրինական ճանապարհով ինչ կարող ենք անել, որ այդ հարցը լուծենք։
Հուսով եմ ՀՀ ոչ մի քաղաքացի չի ակնկալում, որ պետք է մտնեմ բանտեր ու ասեմ տղերք, դուրս եկեք։ «Սասնա ծռերի» խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք, տարբեր ֆորմատներով, պետք է լսենք նաև սպանվածների հարազատներին։
Չեմ խոսում մի այնպիսի տարբերակի մասին, որ ասեմ չէ, եկեք չլուծենք այս հարցը։ Պետք է հասկանանք` ինչ ճանապարհներ կան լուծելու։ Այս հարցն իմ մտահոգությունների շրջանակում է, խնդիրը պետք է լուծվի բացառապես իրավական դաշտում։
Պետք է ըմբռնումով մոտենանք այս հարցին, որոշ ժամանակի ընթացքում։ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այլ կարծիք լինել չի կարող, դա իմ քաղաքական դիրքորոշումն է»,- նշել է նա։
Նմանատիպ նյութեր
9448 դիտում
14:02 24-05-2018
Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
3127 դիտում
15:29 05-02-2022
Հովհաննես Շահինյանը Վազգեն Սարգսյանի հետ քաղբանտարկյալների մասին զրույց հիշեց. Hayeli.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ